ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ թվում է պիտի նվիրատվության անվան տակ ավտոները ֆռցնեք․ Անանյանը՝ մեքենա ներկրողներին
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում մարդիկ, որոնք դժգոհում են, որ օրենքով զրկվել են երկրորդ մեքենան նվիրատվություն անելու և հարկեր չվճարելու հնարավորությունից: «Մինչև հիմա օրենքը եղել է այսպես՝ ֆիզիկական անձը մեկ մեքենա վաճառելու իրավունք ունի, իսկ երկրորդը նվիրատվություն անելու: Օրենքը փոխել են հին իշխանության իրենց ձևերով, ոչ մեկին տեղյակ չեն պահել»,- նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները։ Ակցիայի մասնակիցները կառավարությանն առաջարկում են նվիրատվության համար հարկերը վերացնել, ֆիքսված գումար սահմանել, ինչպես հարևան Վրաստանում է, վճարեն ու մեքենա ներկրեն: Ակցիայի մասնակիցներին պատասխանելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը նշեց․ «Դուք չե՞ք իմացել, որ եթե նվիրատվություն ձևակերպեք, պետք է հարկ տաք: Չե՞ք իմացել, որ որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ հարկ պետք է տաք։ Մեքենան բերելը և օտարելը դա բիզնես է»։ Անանյանը նշեց, որ բողոքողները կարող են առաջարկությունները ներկայացնել իր տեղակալին և այն կքննարկվի կառավարությունում: «Բայց եթե ձեզ թվում է, որ պիտի բերեք նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները, չի լինի»,- հավելեց նա:

Քաղաքականություն