Քաղաքականություն

Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա

Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին քրեական վարույթի շրջանակում հարցաքննելու մտադրության…

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին քրեական վարույթի շրջանակում հարցաքննելու մտադրության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը։


ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ Զախարովան խիստ քննադատության է ենթարկել Երևանի գործողությունները՝ դրանք կապելով Հայաստանի՝ Եվրոպայի հետ մերձեցման հետ։


«Դժվար է գտնել ավելի ակնառու վկայություն այն մասին, թե բարոյական և հոգևոր ինչպիսի քայքայման է հանգեցնում մերձեցումը ժամանակակից անդեմ, բարոյապես աղքատ Եվրոպայի և նեոնացիստական Կիևի ռեժիմի հետ»,- հայտարարել է Զախարովան։


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ Աբգարյանի վերաբերյալ տեղեկությունը չի կարելի դիտարկել առանձին այն քայլերից, որոնք Մոսկվայում գնահատում են որպես ընդհանուր պատմության և հիշողության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։


Զախարովան հիշատակել է նաև Երևանից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթին հարվածելու մասին հայտարարությունը, ՀՀ ՊՆ ուսումնական հաստատություններից մեկի ղեկավարի հետ կապված դրվագը, ինչպես նաև Հայաստանի վետերանների միության նախագահի տնային կալանքը։


Նրա խոսքով՝ Ռոզալիա Աբգարյանի նման վետերանները պատմական հիշողության և համամարդկային արժեքների կրողներ են։


«Նրանց խիզախության և անձնազոհության շնորհիվ այսօրվա Հայաստանը ապրում է և կարող է ապագայի ծրագրեր կառուցել։ Ըստ երևույթին՝ Երևանի բարձր կաբինետներում այդ մասին մոռացել են»,- հայտարարել է Զախարովան։


Նա վստահություն է հայտնել, որ 103-ամյա վետերանը «կդիմանա ցանկացած հարցաքննության»՝ միաժամանակ կոշտ քննադատություն հնչեցնելով Հայաստանի իշխանությունների հասցեին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250