Մեծ Բրիտանիան արգելել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) գործունեությունը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ նոր լիազորությունների կիրառմամբ արգելել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Islamic Revolutionary Guard Corps, IRGC) գործունեությունը երկրի տարածքում։
Անվտանգության հարցերով նախարար Անջելա Իգլը խորհրդարանին ուղղված գրավոր հայտարարության մեջ նշել է, որ Մեծ Բրիտանիան արձանագրել է IRGC-ի հետ կապվող գործունեություն, որը ներառում է Մեծ Բրիտանիայի տարածքում կյանքի նկատմամբ սպառնալիքներ և ահաբեկման դեպքեր։
Նույն կարգավիճակն է ստացել նաև Իրանի հետ կապվող The Islamic Movement of Companions of the Right (IMCR) կազմակերպությունը՝ Բրիտանիայի հրեական համայնքի դեմ իրականացված մի շարք հարձակումներից հետո։
Բացի այդ, նոր օրենքի շրջանակում արգելված կազմակերպությունների ցանկում ընդգրկվել է նաև Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ԳՀՎ-ի (GRU) կամավորական կորպուսը՝ Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի դեմ իրականացված դիվերսիոն և այլ գործողությունների պատճառով։
Այս որոշումից հետո քրեական հանցագործություն է համարվում՝ աջակցություն ցուցաբերելը կամ այդ կազմակերպությունների օգտին հայտարարություններ անելը, նրանց Մեծ Բրիտանիային առնչվող գործունեությանը նպաստելը կամ նյութական աջակցություն տրամադրելը, նրանց կողմից տրամադրված նյութական օգուտ ընդունելը կամ պահպանելը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ կառավարությունն արագացված կարգով ընդունեց Ազգային անվտանգության (Պետական սպառնալիքներ) մասին օրենքը։ Անկախ փորձագետ Ջոնաթան Հոլը դեռևս 2025 թվականի մայիսին հրապարակված զեկույցում եզրակացրել էր, որ անհրաժեշտ է ստեղծել ահաբեկչական կազմակերպությունների արգելման կարգավիճակին համարժեք իրավական մեխանիզմ, որը կլրացնի արդեն գործող պատժամիջոցները։
Կառավարության խոսքով՝ նոր լիազորությունների նպատակն է խափանել այն անձանց գործունեությունը, որոնք աջակցում կամ առաջ են մղում արգելված կազմակերպությունների շահերն ու նպատակները։