Հասարակություն

ԱՀԾ-ին կտրվի կապի սարքավորումներ տեղադրելու թույլտվության լիազորություն

ԱՀԾ-ին կտրվի կապի սարքավորումներ տեղադրելու թույլտվության լիազորություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու հնարավորությունը կարող է դիտարկել և օպերատորների հետ համապատասխան պայմանագրերը կնքել հենց Արտաքին հետախուզության ծառայությունը։ Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից։


Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման մեջ, որով սահմանվում է պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը։


Գործող կարգավորումներով պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր է կնքում Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Բացառություն են Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված շենքերը, որոնց մասով համապատասխան հնարավորությունը դիտարկում և պայմանագրեր են կնքում այդ մարմինները։


Նախագծով առաջարկվում է նույն տրամաբանությամբ առանձնահատուկ կարգավորում նախատեսել նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համար։


Հիմնավորման համաձայն՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Արտաքին հետախուզության ծառայության գործունեության անվտանգային ստանդարտներով, այդ թվում՝ կապի և տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբերպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության, ծառայության սեփական անվտանգության և բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։


Նախագծի ընդունման դեպքում ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենքերի տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը կդիտարկի և օպերատորների հետ պայմանագիրը կկնքի Արտաքին հետախուզության ծառայությունը։


Բացի այդ, ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենքերից և շինություններից մինչև 500 մետր հեռավորության վրա գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքներին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տրամադրելուց առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեն պետք է ստանա նաև Արտաքին հետախուզության ծառայության համաձայնությունը։


Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։


Հանրային քննարկումը կտևի մինչև 2026 թվականի հուլիսի 24-ը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250