Փարիզում կրկին հարցաքննել են Պավել Դուրովին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ավելի քան վեց ժամ հարցաքննվել է Ֆրանսիայում: Գործարարի պաշտպանությունը հայտարարել է, որ գրեթե երկու տարվա ընթացքում չի ներկայացվել առաջադրված մեղադրանքները հաստատող ապացույցներ։ Այս մասին հայտնում են AFP-ն և TF1-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Դուրովը Փարիզի դատարան է ժամանել առավոտյան՝ մոտ ժամը 10:00-ին։ AFP-ի զրուցակցի խոսքով՝ սա Telegram-ի հիմնադրի արդեն չորրորդ հարցաքննությունն է այն պահից ի վեր, երբ 2024 թվականին նրան մեղադրանքներ են առաջադրվել։
«Պավել Դուրովին պաշտոնական մեղադրանքներ առաջադրելուց գրեթե երկու տարի անց դեռևս չկան ապացույցներ, որոնք կհաստատեն այդ մեղադրանքները», — ասված է գործարարի փաստաբաններ Քրիստոֆ Ինգրենի, Ռոբին Բինսարի և Գիյոմ Մարտինի հայտարարության մեջ։
Ֆրանսիացի ոստիկանները Դուրովին ձերբակալել էին 2024 թվականի օգոստոսի 24-ին Լե Բուրժե օդանավակայանում՝ Ադրբեջանից նրա ժամանելուց հետո։ Չորս օր անց դատարանը պաշտոնական քննություն սկսեց և գործարարին մեղադրանքներ առաջադրեց մի քանի կետերով։
Ֆրանսիացի քննիչները Պավել Դուրովին համարում են մեսենջերում իրականացված ապօրինի գործունեության հանցակից․ դա կապված է Telegram-ի մոդերացիոն քաղաքականության հետ։ Սկզբում Դուրովի գործով եղել է 12 մեղադրանք, որոնք այդ պահին առաջադրվել էին «անհայտ անձի» դեմ։ Դրանց թվում են իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերների պահման և տարածմանն աջակցելը, թմրանյութերի առևտրին օժանդակելը և այլ մեղադրանքներ։
Ձերբակալությունից հետո դատարանը գործարարի համար սահմանել էր 5 մլն եվրո գրավ, արգելել էր նրան լքել Ֆրանսիան և պարտավորեցրել շաբաթական երկու անգամ ներկայանալ ոստիկանություն։ 2025 թվականի հունիսին դատարանը Դուրովին թույլատրեց մինչև 14 օր տևողությամբ մեկնել Դուբայ։ Նոյեմբերին դատարանը չեղարկեց արտասահմանյան ուղևորությունների և ոստիկանություն պարբերաբար ներկայանալու սահմանափակումները։