Հասարակություն

ԱՀԿ-ն զգուշացնում է․ մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կկրկնապատկվեն

ԱՀԿ-ն զգուշացնում է․ մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կկրկնապատկվեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը ներկայացրել են 2026 թվականի գլոբալ զեկույցը, ըստ որի՝ քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում մահացության երկրորդ հիմնական պատճառը՝ զիջելով միայն սրտանոթային հիվանդություններին։ Տարեկան կտրվածքով աշխարհում արձանագրվում է հիվանդության շուրջ 20,6 միլիոն նոր դեպք և գրեթե 10 միլիոն մահ: Չնայած հակածխախտային պայքարի և պատվաստումների ոլորտում գրանցված առաջընթացին, բժշկական օգնության հասանելիության հարցում երկրների միջև խորը անհավասարություն է նկատվում:


Ըստ վիճակագրության՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց 87 տոկոսը ապրում է ախտորոշումից հետո առնվազն հինգ տարի, մինչդեռ աղքատ երկրներում այս ցուցանիշը նվազում է մինչև 42 տոկոս: ԱՀԿ-ի հարցումները ցույց են տալիս, որ հիվանդների 45 տոկոսը կանգնում է ֆինանսական ծանր խնդիրների առաջ, իսկ կեսից ավելին ունենում է հոգեկան առողջության հետ կապված բարդություններ:


Աշխարհագրական առումով հիվանդացության ու մահերի կեսից ավելին բաժին է ընկնում Ասիային՝ բնակչության մեծ թվի պատճառով։ Եվրոպայում, որտեղ ապրում է մոլորակի բնակչության ընդամենը 9 տոկոսը, գրանցվում է նոր դեպքերի 21 տոկոսը և մահերի 20 տոկոսը: Տղամարդկանց և կանանց շրջանում մահացության գլխավոր պատճառը մնում է թոքերի քաղցկեղը: Կանանց մոտ ամենատարածվածը կրծքագեղձի ուռուցքն է. միայն 2024 թվականին արձանագրվել է հիվանդության 2,4 միլիոն նոր դեպք և 694 հազար մահ:


ԱՀԿ փորձագետների գնահատմամբ՝ տասը դեպքից չորսը կապված է կանխարգելելի գործոնների հետ, ինչպիսիք են ծխախոտի ու ալկոհոլի օգտագործումը, ճարպակալումը, ֆիզիկական ցածր ակտիվությունը և վիրուսային վարակները (ՄՊՎ, հեպատիտ B և C)։ Թեև 2010 թվականի համեմատ ազգային հակաքաղցկեղային ծրագրեր ունեցող երկրների թիվը 50 տոկոսից հասել է 82-ի, կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների հասանելիությունն անհավասար է. թույլ զարգացած երկրներում հիմնական դեղերի հասանելիությունը կազմում է ընդամենը 9-54 տոկոս՝ հարուստ երկրների 68-94 տոկոսի դիմաց:


 ԱՀԿ-ն զգուշացնում է․ մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են կրկնապատկվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250