Ավինյանը խոսել է Կիևյան կամրջի շինարարական աշխատանքերի մասին
Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին զեկուցել են քաղաքաշինության ոլորտում հայտնաբերված ապօրինությունների, ինչպես նաև կամուրջների հիմնանորոգման և մանկապարտեզների վիճակի մասին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում քաղաքաշինական գործունեության վերահսկողության արդյունքում կազմվել է 54 արձանագրություն՝ հողազավթման և անօրինական շինարարության դեպքերով։ Քաղաքապետին ներկայացրին նաև Կիևյան կամրջի հիմնանորոգման նախապատրաստական ընթացքը և նշեցին, որ արդեն կայացել է Լամբադա կամրջի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը։
«Տեմպը բավականին լավն է, կարեորը այն պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը։ Որքան էլ այս աշխատանքները կարևոր են եւ երևանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ, այս աշխատանքները բավականին խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված։ Մեր վերահսկողությունը աշխատանքի ժամկետների և որակի հետ կապված պետք է ինտենսիվ լինի»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը նաև թվարկեց իրականացված կամ ընթացիկ բոլոր խոստումները, որոնք վերաբերում են մանկապարտեզների կառուցմանն ու պայմանների բարելավմանը։ Նա հայտնեց, որ ներկայումս խնդիր կա Էրեբունի վարչական շրջանում, որտեղ միաժամանակ փակվել են մի քանի մանկապարտեզներ։ Բացի այդ, Ավինյանն անդրադարձավ Տորք Անգեղի արձանի շուրջ կառուցվող այգուն՝ շեշտելով, որ այն դառնալու է նոր ձգողության կենտրոն երևանցիների համար։