Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե իրականության քողարկում և ինքնախաբեություն, այլ դրա սթափ և անկեղծ գնահատում. Սուրենյանց
Մինչ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը, Սուրենյանց։ Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
«Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները», նույն ժամերին Նախիջևանի Օրդուբադում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական փառատոն-համաժողովը։ Այնտեղ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը և խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը, անթաքույց ձևով հնչեցրել են Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային և քաղաքական հավակնություններ պարունակող հայտարարություններ։
Ամրուլաևը «Արևմտյան Ադրբեջանի» թեման որակել է որպես ռազմավարական նշանակության հարց՝ այն անմիջականորեն կապելով ադրբեջանական ազգային ինքնության ձևավորման գործընթացի հետ։ Ասքերովն էլ հայտարարել է, որ յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» իրավունք ունի վերադառնալու «իր նախնիների հողը»՝ Հայաստանի տարածքները բացահայտորեն ներկայացնելով որպես «պատմական ադրբեջանական հողեր»։ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը վաղուց դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։ Այն համակարգված ներմուծվում է դպրոցական ծրագրեր, բուհական դասախոսություններ, պետական լրատվամիջոցներ և պաշտոնական հռետորաբանություն։ Սա ոչ թե ժամանակավոր քարոզչական ակցիա է, այլ գիտակցված ռազմավարություն՝ Հայաստանի նկատմամբ հետագա հավակնությունների գաղափարական և քաղաքական հիմքը ձևավորելու նպատակով։ Այս ամենի լույսի ներքո առավել ցայտուն է դառնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության քաղաքական վարքագիծը։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանք շարունակում են ապրել այն պատրանքով, թե միակողմանի զիջումների և սպառնալիքների մեղմացման միջոցով հնարավոր է «խաղաղեցնել» Բաքվին։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է. Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի ախորժակը ոչ միայն չի նվազել, այլ էապես ընդլայնվել է։ Եթե երեկ թիրախը Արցախն էր, ապա այսօր նույն տրամաբանությամբ շրջանառության մեջ է դրվել «Արևմտյան Ադրբեջանի» թեզը՝ ուղղված արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ։
Արդյո՞ք Փաշինյանն իսկապես հավատում էր, որ Արցախի հարցը մոռացության տալով և Բաքվին մեկը մյուսի հետևից զիջումներ անելով՝ հնարավոր կլինի «խաղաղեցնել» Ադրբեջանին։ Եթե այդպես է, ապա այսօր այդ քաղաքականության լիակատար սնանկությունը ակնհայտ է։ Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ՝ փորձելով ստեղծել պատմական, քաղաքական և ժողովրդագրական «հիմնավորումներ»՝ Հայաստանի նկատմամբ հետագա հավակնությունների համար։ Իսկ եթե իշխանությունը գիտակցում է այդ վտանգները, բայց շարունակում է հասարակությանը ներկայացնել դրանք որպես «չափազանցված» կամ «ֆեյք», ապա գործ ունենք ոչ թե քաղաքական սխալի, այլ գիտակցված մոտեցման հետ՝ հանրային զգոնությունը բթացնելու և սպառնալիքների իրական մասշտաբը քողարկելու նպատակով։ Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե իրականության քողարկում և ինքնախաբեություն, այլ դրա սթափ և անկեղծ գնահատում։ Սպառնալիքները չեն անհետանում միայն այն պատճառով, որ իշխանությունը նախընտրում է դրանց մասին չխոսել կամ դրանք ծաղրել։
Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պետությունների ամենածանր պարտությունները սկսվում են ոչ թե արտաքին հարվածից, այլ իրականությունը սխալ գնահատելու, վտանգները թերագնահատելու և ինքնախաբեության պահից։ Այսօր ժամանակն է վերջ դնել այդ ինքնախաբեությանը»,- գրել է Սուրենյանցը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...