Քաղաքականություն Կարևոր

Գագիկ Ծառուկյանը Հիսուսի հսկայական արձանով ցանկանում է «նոր բրենդ» ստեղծել Հայաստանի համար. The Guardian

Գագիկ Ծառուկյանը Հիսուսի հսկայական արձանով ցանկանում է «նոր բրենդ» ստեղծել Հայաստանի համար. The Guardian

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել հայաստանյան հայտնի գործարար,  մեծահարուստ, քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի և Հատիս լեռան գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի մասին։

Հարցազրույցը AURORA NEWS-ը ներկայացնում է սեփական թարգմանությամբ:

Ծառուկյանը բացառիկ հարցազրույց է տվել պարբերականին իր ծննդավայր Առինջ գյուղի առանձնատանը՝ պատմելով իր հավակնոտ ծրագրերի և քաղաքական մարտահրավերների մասին:

5314397815893074186.jpg 141.2 KB
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»

Իր էպատաժային ճաշակով և շքեղ կյանքով հայտնի գործարարը, ում առանձնատանը շրջում են վագրեր ու առյուծներ, վստահ է, որ Հատիսի գագաթին վեր հառնող 101 մետրանոց արձանը դառնալու է «Հայաստանի այցեքարտը»։

«Մենք աշխարհի հնագույն քրիստոնյա ազգն ենք։ Լիովին տրամաբանական է, որ մենք պետք է ունենանք Հիսուսի ամենամեծ արձանը աշխարհում»,- Guardian-ի հետ զրույցում նշել է Ծառուկյանը։

Նա հավելել է, որ նախագիծը համահունչ է աշխարհում աճող այն միտմանը, որը համատեղում է կրոնական հավատքը ազգայնականությունը և մշակութային պահպանողականության հետ (ինչպես Դոնալդ Թրամփի MAGA շարժումը)։ Ծառուկյանը նույնիսկ նշել է, որ Թրամփը հրավիրված է բացմանը, և հույս ունի, որ նա կժամանի Հայաստան։ Ըստ գործարարի հաշվարկների՝ արձանը տարեկան կներգրավի մինչև 10 միլիոն զբոսաշրջիկ:

5314397815893074196.jpg 275.66 KB
Եկեղեցու և բնապահպանների դիմադրությունը

Չնայած Ծառուկյանի մեծ սպասումներին, նախագիծը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից.

Հայ Առաքելական եկեղեցին բազմիցս դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը՝ պնդելով, որ հսկայական արձանների կառուցումը խորթ է հայկական հոգևոր և ճարտարապետական ավանդույթներին, որոնք պատմականորեն արտահայտվել են վանքերով ու խաչքարերով։

Բնապահպանները նախազգուշացնում են, որ շինարարությունը կարող է անդառնալի վնաս հասցնել Հատիս լեռան բնական լանդշաֆտին։

Ծառուկյանը, սակայն, մերժում է այս առարկությունները՝ շեշտելով, որ ինքը լավ հարաբերություններ ունի եկեղեցու հետ և արդեն իսկ ֆինանսավորել է 8 եկեղեցիների կառուցում ամբողջ երկրում։


5314397815893074194.jpg 78.97 KB
Քաղաքական հետընթաց և իրավական խնդիրներ

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Ծառուկյանի քաղաքական ներկայիս ծանր դրությանը։ 

Տուն վերադառնալով՝ Ծառուկյանը հոգնած էր թվում դաժան ընտրարշավից հետո, որը նոր էր ավարտվել։Վերջին խորհրդարանական ընտրություններում նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 4%-ից պակաս՝ չհաղթահարելով անցողիկ շեմը (արդյունքը ներկայումս բողոքարկվում է դատարանում)։

Իր դիրքորոշումը Ծառուկյանը կառուցել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած սերտ հարաբերությունների հիման վրա՝ ընդլայնելով սեփական բիզնեսը որպես քաղաքական կապեր ունեցող գործարարների փոքրաթիվ խմբի մաս, որոնք գերիշխող դիրքեր ապահովեցին Հայաստանի տնտեսության մեծ մասում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով 2018-ին իշխանության է եկել օլիգարխիկ համակարգը քանդելու խոստումով, Ծառուկյանին համարում է կոռումպացված,  հին կարգերի խորհրդանիշ: Ընտրություններից անմիջապես հետո իրավապահները ժամանել են Ծառուկյանի տուն ՝ նրան հարկային հանցագործությունների մեղադրանք առաջադրելու համար։ Չնայած լուրերին, թե նա փորձել է լքել երկիրը, Ծառուկյանը Guardian-ին պարզաբանել է, որ պարզապես կարճատև ուղևորություն էր ծրագրել ԱՄԷ, սակայն իրեն թույլ չեն տվել նստել ինքնաթիռ։

Իրավական ճնշումների վերաբերյալ հարցին գործարարը պատասխանել է. «Ինչպե՞ս կարող է մարդը վախենալ։ Ինչո՞ւ վախենալ: Ինչի՞ համար են ինձ բանտ նստեցնելու»:

5314397815893074192.jpg 120.39 KB
Հաջորդ կանգառը՝ Նոյյան տապան

Լոգիստիկ բարդությունների պատճառով 2022 թվականից ընդհատումներով ընթացող շինարարությունը դեռ ավարտված չէ։ Սակայն Ծառուկյանը կանգ առնելու մտադրություն չունի։ Նա լրագրողին է ցուցադրել իր հաջորդ հսկայական նախագծի մակետը՝ Նոյյան տապանը (134 մետր երկարությամբ, 24 մետր լայնությամբ և 18 մետր բարձրությամբ), որի առաջին հարկում լինելու է թանգարան, երկրորդում՝ հյուրանոց, իսկ երրորդում՝ սրճարան։

«Այս նախագծերը սուրբ են։ Այսպես ես կգրեմ իմ անունը պատմության մեջ, որպեսզի աշխարհը տեսնի իմ կենդանության օրոք և դրանից երկար ժամանակ անց»,- եզրափակել է Գագիկ Ծառուկյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250