Քաղաքականություն

Նեթանյահու․ Իսրայելը կպատասխանի «Հեզբոլլահի» ցանկացած հարձակման

Նեթանյահու․ Իսրայելը կպատասխանի «Հեզբոլլահի» ցանկացած հարձակման

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը կպատասխանի Լիբանանում իր զինվորականների կամ պետական տարածքի դեմ իրականացվող ցանկացած հարձակման և շարունակելու է պահպանել իր ներկայությունը Հարավային Լիբանանում։


Նեթանյահուի խոսքով՝ նա խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ՝ գնահատելու Լիբանանի ուղղությամբ իրականացված գործողություններից հետո ստեղծված իրավիճակը։


«Իսրայելը չի հանդուրժի հարձակումներ մեր զինվորների կամ մեր տարածքի դեմ։ «Հեզբոլլահը» բարձր գին կվճարի նման գործողությունների համար»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ իսրայելական բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու նպատակով։


Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը կմնա Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի երկրի հյուսիսային բնակավայրերի անվտանգությունն ապահովելու համար։


Նեթանյահուի այս հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ ընդամենը երկու օր առաջ Միացյալ Նահանգներն ու Իրանը ստորագրել են 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում և վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Փաստաթղթի առանցքային դրույթներից մեկը ռազմական գործողությունների դադարեցումն է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։


Վերլուծաբանների գնահատմամբ՝ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հնարավոր նոր լարվածությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև սկսված բանակցային գործընթացի համար և վտանգել տարածաշրջանում ձեռք բերված փխրուն կայունությունը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250