Հասարակություն

Ով է պատասխանատու միգրանտների առողջական վիճակի համար

Ով է պատասխանատու միգրանտների առողջական վիճակի համար

Հնդկաստանից Հայաստան ժամանած միգրանտների հարցն այս օրերին շարունակում է մնալ հանրային քննարկումների առանցքային թեմաներից մեկը։ Հանրության շրջանում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի՝ աշխատանքային նպատակով Հայաստան ժամանած որոշ միգրանտներ ունեն առողջական մի շարք խնդիրներ, այդ թվում՝ տուբերկուլյոզ։

Auroranews-ը, խնդիրը հասկանալու նպատակով, ուսումնասիրել է աշխատանքային այցով Հայաստան մեկնելու կարգը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված՝ ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները Հայաստան կարող են ժամանել հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում.

դիմում,

35x45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,


անձնագիր, անձնագրի պատճեն և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանություն,


ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կամ կացության կարգավիճակը երկարաձգելու) հիմքը հավաստող փաստաթղթեր,


առողջական վիճակի մասին տեղեկանք,


պետական տուրքի վճարման անդորրագիր։



Այսինքն՝ կացության կարգավիճակ ստանալու համար դիմող անձինք պետք է ներկայացնեն նաև առողջական վիճակի մասին տեղեկանք, ինչը միտված է հնարավոր առողջական ռիսկերի բացահայտմանը։

Կայքում հրապարակված կանոնների համաձայն՝ աշխատանքային իրավունքների խախտում է համարվում, եթե միգրանտների նկատմամբ չեն ապահովվում.

• առողջության պահպանման և անվտանգության պայմանները,

• սանիտարահամաճարակային անվտանգության պահանջները,

• բժշկական օգնության և սպասարկման հետ կապված իրավունքները։

Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այս պահանջները գործնականում պահպանվո՞ւմ են։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ իրենք պատասխանատու են միայն աշխատանքային հարաբերությունների շրջանակում առաջացող հարցերի համար։ Այսինքն՝ եթե տվյալ աշխատանքի բնույթը պահանջում է պարտադիր բժշկական զննում կամ հատուկ ստուգումներ, ապա այդ հարցերը գտնվում են իրենց վերահսկողության ներքո։ Մինչդեռ աշխատանքի անցնելուց առաջ անձանց առողջական ստուգումներ անցնելու կամ չանցնելու հարցում տեսչական մարմինը պատասխանատվություն չի կրում։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Առողջապահության նախարարության մամուլի խոսնակի հետ։ Վերջինս չցանկացավ մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ նախարարությունն արդեն իսկ պարզաբանում տվել է տվյալ հարցի վերաբերյալ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250