Աշխատանքի ընդունելու դիմաց աջակցություն․ ովքեր կարող են օգտվել նոր ծրագրից
Առաջարկում ենք աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք առնվազն 3-6 ամսով աշխատանքային պայմանագրեր կկնքեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ» կառավարության նիստում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով որ արտոնությունը չի վերաբերում պետական մարմիններին։
Նրա խոսքով՝ կարող են կնքվել նաև մասնակի աշխատաժամանակով պայմանագրեր՝ կես դրույքից կամ 1 դրույքից պակաս չափով պայմանագրեր:
«Առաջին երեք ամիսների համար առաջարկում ենք եկամտային հարկի փոխհատուցում 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը: 4-6 ամիսների համար, այսինքն՝ երբ կշարունակվի և ավելի կայուն կդառնա այդ աշխատանքային հարաբերությունը՝ եկամտային հարկի 100 %-ի չափով, բայց 50 հազար դրամից ոչ ավելի, և եթե այդ աշխատանքային հարաբերություններն ավելի կայուն կլինեն, այսինքն՝ 1 տարին կլրանա, 1 տարվա ավարտին նաև 100 հազար դրամի չափով միանվագ աջակցություն կլինի գործատուին»,-հայտնել է Թորոսյանը՝ հավելելով, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, քանի որ նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացնենք, նաև՝ թվային հարթակների միջոցով:
Նախարարը տեղեկացրել է, որ կան պայմաններ, որոնք կկանխարգելեն չարաշահումները, օրինակ, որ տվյալ գործատուի մոտ, ում հետ պետք է պայմանագիրը կնքվի, այդ քաղաքացին վերջին 3 տարում պիտի աշխատած չլինի, և վերջին 3 ամսում ընդհանրապես պիտի աշխատած չլինի, որպեսզի արհեստականորեն պայմանագրերի խզում կամ վերակնքում չլինի այս ծրագրից օգտվելու նպատակով:
«Կարծում ենք, որ եթե հաջողվի այս ծրագիրն իրականացնել, մենք նաև այլ խմբերի քաղաքացիների համար կկարողանանք անել»,- ասել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը: