Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրական իրավունքի սահմանափակումներ. Ալխաս Ղազարյանը մանրամասներ է հայտնել

Մենք բոլորս ապրում ու մնում ենք Հայաստանում, և անթույլատրելի է, որ այն մարդիկ, ովքեր իրենց ապագան ընդհանրապես չեն կապում մեր երկրի հետ ու պարզապես անձնագիր ունեն, մեր փոխարեն որոշեն, թե մենք ինչպիսի իշխանություն պետք է ունենանք և ինչպես պետք է ապրենք հետո։ Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ մեկնաբանելով օրենսդրական նոր նախաձեռնությունը։ Օրինագծով նախատեսվում է բնակության ցենզ սահմանել համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ այն քաղաքացիները, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 6 ամիս (183 օր) բացակայել են երկրից, ժամանակավորապես կզրկվեն քվեարկության իրավունքից, քանի որ նրանց կենսական շահերի կենտրոնը գտնվում է հանրապետության սահմաններից դուրս։ Ղազարյանը նշել է, որ նման սահմանափակումներ հաջողությամբ կիրառվում են արտասահմանյան շատ երկրներում, որտեղ ընտրողները բաժանվում են ակտիվ և պասիվ խմբերի։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախագծում նախատեսված են մի շարք բացառություններ, այդ թվում՝ արտերկրում սովորող, պետական ծառայության մեջ գտնվող կամ դիվանագիտական առաքելություն իրականացնող քաղաքացիների համար։ Իսկ հետագա ընթերցումների ժամանակ այդ ցանկը կարող է ընդլայնվել նաև բուժման նպատակով մեկնածների հաշվին։


«Նման արմատական բարեփոխումների անհրաժեշտությունն առաջացել է վերջին ընտրությունների հետքերով, որոնք ի հայտ բերեցին օրենսդրական լուրջ բացեր։ Իշխանություններն արձանագրել են քաղաքացիների կազմակերպված, զանգվածային հոսքեր, ովքեր Հայաստան էին ժամանում բացառապես քվեարկությանը մասնակցելու համար և անմիջապես վերադառնում էին», – պարզաբանել է Ալխաս Ղազարյանը։ Նա հիշեցրել է համացանցում տարածված այն տեսանյութերը, որոնցում ժամանածներն բացահայտ ասում էին, որ հենց նույն երեկոյան հետ են թռչում և վախենում են ինչ-որ բան շփոթել։ Ղազարյանը վստահություն է հայտնել, որ ընտրողների այս լայնածավալ տեղափոխումը համակարգվել է կոնկրետ քաղաքական ուժերի կողմից։ Սակայն նրանց սպասելիքները չեն արդարացել, քանի որ մարդիկ տեղում տեսել են համայնքների իրական փոփոխություններն ու այլ կերպ քվեարկել։ Պատգամավորը հավելել է նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն իսկ ընտրակաշառքի հետ կապված բազմաթիվ գործեր է ուղարկել իրավապահ մարմիններին։ Միևնույն ժամանակ, Ղազարյանն առայժմ հրաժարվել է հստակ վիճակագրական տվյալներ հրապարակել արտերկրից քվեարկության համար ժամանածների թվի վերաբերյալ՝ խոստանալով գերատեսչական ու միգրացիոն ողջ վիճակագրությունը մանրամասն ներկայացնել լիագումար նիստի հիմնական զեկույցի ժամանակ։


Պատասխանելով լրագրողի ուղիղ հարցին՝ արդյո՞ք քվեարկության ավարտից անմիջապես հետո այս սահմանափակումների շտապ ներդրումը քաղաքական ենթատեքստ ունի, Ալխաս Ղազարյանը կտրականապես հերքել է այն վարկածը, թե իշխանությունները պատրաստվում են խորհրդարանի արտահերթ արձակմանը։ «Մենք արտահերթ ընտրությունների գնալու բացարձակապես ոչ մի մտադրություն չունենք», – ընդգծել է նա՝ հավաստիացնելով, որ փոփոխություններն ուղղված են բացառապես ընտրական գործընթացի հետագա համակարգային կարգավորմանը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դա օրենք չի ոտնահարում (օրինակ, Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեկնող աշխատանքային միգրանտների իրավունքները)՝ պատգամավորը հայտնել է, որ այժմ քննարկվում են տարբեր այլընտրանքային առաջարկներ, այդ թվում՝ վերջին երեք տարվա ընթացքում մեկուկես տարվա բնակության ցենզ սահմանելը։ Ղազարյանը պարզաբանել է նաև ընտրական իրավունքի ավտոմատ վերականգնման մեխանիզմը. եթե արտերկրից վերադարձած քաղաքացին մինչև ընտրությունների նշանակման օրը վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ապրած լինի պահանջվող 6 ամիսը, միգրացիոն ծառայությունը քվեարկությունից 48 օր առաջ նրան կընդգրկի ընտրողների ցուցակում։ Զրույցի վերջում, մեկնաբանելով օդանավակայանի հատուկ ռեժիմային գոտու տեսախցիկների ձայնագրությունների (ուղևորների տեղաշարժի կադրերի) համացանցում հայտնվելու աղմկահարույց միջադեպը, պատգամավորը խոստովանել է, որ չգիտի պատճառները։ Նա նշել է, որ տեսախցիկներն անվտանգության համակարգի տարր են, և հարց է ուղղել իրավասու մարմիններին, քանի, որ հենց նրանք էլ պետք է քննեն տվյալների արտահոսքի հետևանքները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250