Քաղաքականություն

Դատարանը չբավարարեց Տիրան Խաչատրյանի պաշտպանական կողմի միջնորդությունը

Դատարանը չբավարարեց  Տիրան Խաչատրյանի պաշտպանական կողմի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ,  մեկնարկել է գեներալ-լեյտենանտ  Տիրան Խաչատրյանի գործով նախնական դատալսումները։ Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը՝ նշելով, որ լրացել են քրեական հետապնդման սահմանված ժամկետները, գրում է «Առավոտը»։


Ըստ Հարությունյանի՝ 2023-ի սեպտեմբերի 23-ին նախաձեռնվել է քրեական վարույթը՝ խուլիգանության հատկանիշներով, և միայն նոյեմբերին է Տիրան Խաչատրյանը հրավիրվել Քննչական կոմիտե՝ հարցաքննության։


Պաշտպանի խոսքով՝ մինչև 2025-ի ապրիլ ամիսը որևէ քննչական գործողություն քննիչի կողմից չի արվել, այնուհետև 2025 թվականի դեկտեմբերի 8-ին հարցաքննվել են ՊՆ գլխավոր շտաբի նախկին ծառայողներ, պնդել, որ դեպքն արձանագրած տեսագրությունում մասնակիցներից է նաև Տիրան Խաչատրյանը։ Եվ միայն 2026-ի ապրիլին է քրեական հետապնդում հարուցվել, մայիսին էլ նախաքննության ավարտ է հայտարարվել։


Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ քրեական հետապնդման ժամկետները կամ մեղադրանք առաջադրելու հարցը ի սկզբանե անտեսվել է քննիչի կողմից, հետո, ամենայն հավանականությամբ, անդրադարձել է, որ այսպիսի քրեական վարույթ կա, և որպեսզի վարույթի շրջանակներում հիմնավորի, թե ինչու մինչև այդ պահը գործողություններ չի արել, նման ելք է տվել։


Հանրային մեղադրողը առարկել է միջնորդությունը՝ պնդելով, թե քրեական հետապնդման ժամկետները սկսում են հոսել քրեական հետապնդում հարուցելու որոշումից հետո։ Հանրային մեղադրողը նաև շեշտեց, որ մինչև քրեական հետապնդման մասին որոշումը Խաչատրյանի իրավունքները սահմանափակված չեն եղել։


Վարազդատ Հարությունյանն էլ նկատել է, որ խոսքը միայն իրավունքների սահմանափակվածության մասին չէ, այլ մեղադրյալի հոգեբանական ճնշվածության, որը գիտակցում է, որ իր նկատմամբ անորոշ ժամանակով իրականացվում է քրեական հետապնդում։


Դատարանը որոշել է մերժել քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանի միջնորդությունը, իսկ ողջամիտ ժամկետի խախտման փաստի գնահատման առումով որոշեց վերջնական դիրքորոշում արտահայտել ավելի ուշ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250