Հասարակություն

Հայկական արտադրանքի ԵՄ արտահանման հեռանկարները. Պապոյանի պարզաբանումը

Հայկական արտադրանքի ԵՄ արտահանման հեռանկարները. Պապոյանի պարզաբանումը

Ջերմատնային տնտեսությունների, ինտենսիվ այգիների ապրանքը արտահանվելու է, այդ ապրանքը չունի արտահանման խնդիր, որովհետև այն համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին: Հայաստանի ինտենսիվ այգիներում արտադրվող արտադրանքի որակը որևէ կերպ չի զիջում Իսպանիայի կամ Իտալիայի ինտենսիվ այգիներում արտադրվող արտադրանքի որակին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը հետաքրքրվում էր հայկական ապրանքների ԵՄ՝  հնարավոր արտահանմամբ:


«Հայաստանում արտադրվող ջերմոցային ժամանակակից տնտեսությունների արտադրանքի որակը որևէ կերպ չի զիջում գերմանականին կամ լեհականին: Ինչու, որովհետև տեխնոլոգիան նույնն է, արտադրողը, կառուցապատողը նույնն են, սերմը, ամեն ինչ նույնն են ամբողջությամբ: Դա նշանակում է, որ մենք նախորդիվ ճիշտ ենք արել, որովհետև նախորդ տարիներին, երբ միլիարդավոր դրամներ ենք ծախսել ու Հայաստանում հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ են ստեղծվել, հարյուրավոր հեկտարներով ջերմատներ են ստեղծվել, դրանց արտադրանքը այսօր կարողանում ենք հեշտությամբ արտահանել»,- նշեց Պապոյանը:


Նրա խոսքով՝ եթե դա նախորդ տարիներին արված չլիներ, այսօր պետք է ասեին՝ արտահանման պոտենցիալ և հնարավորություն չունենք, որովհետև եվրոպական շուկայում վաճառելու համար պետք է առաջին հերթին լինի ստանդարտներին համապատասխանություն և սերտիֆիկատ:


«Այս ապրանքները ունեն, իսկ նրանք, որոնք սերտիֆիկատ ու ստանդարտներ չունեն, այն աշխատանքն է, որ պետք է անենք, որ դրանք ժամանակի ընթացքում փոխվեն: Սա շատ կարևոր է»,- ասաց նախարարը:


Ինչ վերաբերում է նրանց, որոնք կարող են արտահանման հետ կապված խնդիրներ ունենալ, ասաց՝ կփորձեն և՛ տեղական շուկայում և՛ այլ շուկաներում որևէ այլ եղանակով իրացնել:


Ինչ վերաբերում է Նազարյանի դիտարկմանը՝ գյուղացին պետությունից նեղանալու վերաբերյալ, Պապոյանը նկատեց՝ ՀՀ գյուղացիական տնտեսությունները, իր խորին համոզմամբ, պետությունից նեղանալու որևէ պատճառ չունեն:


«Պետությունը միշտ իրենց կողքը կանգնած է բոլոր ծրագրերով՝ պարարտանյութերի սուբսիդավորման, ապահովագրության ժամանակ կողքին է, արտահանման ժամանակ ամեն կիլոգրամի համար փոխհատուցում տալիս է, մաքսատուրք վճարելիս գյուղացու կողքին է: ՀՀ-ում գյուղատնտեսությունը ոչ միայն հարկ չի տալիս, այլև փաստացի, եթե համախառն իրար հետ գումարենք, կպարզվի, որ 50 տոկոս և ավելի պետությունը սուբսիդավորում է ընդհանուր ծախսերը: Չկա նեղանալու հիմքը»,- նշեց էկոնոմիկայի նախարարը՝ ընդգծելով՝ այսօր Հայաստանում ցանկացած բարձր որակի արտադրանք իրացվում է և՛ ՀՀ շուկայում, և՛ ՀՀ-ից դուրս:  

«Եվ Հայաստանում իրացվում է նաև այն ծավալներով, որ, կներեք, նույնիսկ գնանկումային պրոցեսներ այս օրերին չենք տեսնում»,- նշեց նախարարը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250