Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները հունիսի 2-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ 


ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցելության ընթացքում աշխատակազմի անդամները ծանոթացել են անազատության մեջ գտնվողների պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման ընթացքին և դրանց համապատասխանությանը գործող սահմանված չափանիշներին։ Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել է նաև կարանտինային բաժանմունքը։


Օմբուդսմենի ներկայացուցիչները, որոնց կազմում եղել են իրավաբաններ և բժիշկ, առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի իրավունքների իրացմանն առնչվող խնդիրներն ու պահման պայմանները։


Այցի ընթացքում քննության են առնվել ազատությունից զրկվածների սննդի, բժշկական օգնության ու սպասարկման, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հոգեբանական աշխատանքների և վերասոցիալականացման, հացադուլի վարման, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմաններին վերաբերող հարցեր։


Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, նախկինում ևս բազմիցս անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առկա խոնավության և սանիտարահիգիենիկ վիճակի համակարգային խնդիրներին, որոնք խնդրահարույց են թե՛ անազատության մեջ գտնվողների, թե՛ քրեակատարողական ծառայողների իրավունքների տեսանկյունից։ Պաշտպան Անահիտ Մանասյանը կրկին շեշտում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտի միջազգային չափանիշներին, և այս խնդիրը պահանջում է համակարգային ու շուտափույթ կարգավորում։


Առանձնազրույցների արդյունքներով քննարկվել են հացադուլ հայտարարած անձանց զբոսանքի իրավունքի իրացման մեխանիզմների հնարավոր բարելավման, անձնական հիգիենայի, արտաքին աշխարհի հետ կապի, ինչպես նաև կալանավորվածներին ռադիոյով ապահովելու խնդիրները։


Արձանագրված բոլոր հարցերը քննարկվել են հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված խնդիրների մի մասը լուծվել է տեղում, որոշ հարցերի ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, իսկ մնացած արձանագրված խնդիրները համապատասխան լուծումներ ստանալու պահանջով կուղարկվեն իրավասու պետական մարմիններին։


Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության և պահման պայմանների բարելավման համակարգային հարցերը։ Մշտադիտարկման այցերը կրելու են շարունակական բնույթ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250