Եվրոպական միությունը 2.2 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին օժանդակելու նպատակով
Հունիսի 1-ին կայացել է սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության ու իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցող ծրագրի մեկնարկի արարողությունը։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրում է 2.2 միլիոն եվրո՝ վիզաների ազատականացման գործընթացին նպաստելու համար։ Այս ֆինանսավորումն ուղղվելու է իրավապահ համակարգի բարեփոխումներին, սահմանների կառավարմանը և փաստաթղթերի անվտանգությանը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շեշտել է, որ սա Հայաստանում առաջին նախագիծն է, որն անմիջականորեն օժանդակում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա ձևակերպմամբ՝ ծրագիրը նշանակալի քայլ է Հայաստան-ԵՄ գործակցության խորացման, ՀՀ քաղաքացիների ազատ ու արժանապատիվ տեղաշարժվելու հնարավորությունների մեծացման, ինչպես նաև մարդկային կապերի ամրապնդման ճանապարհին։
Գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև ԵՄ անդամ երկրների հետ գործընկերության սերտացումը՝ հավելելով, որ ծրագիրն իրագործվում է Լիտվայի Հանրապետության հետ համատեղ։
Արփինե Սարգսյանի փոխանցմամբ՝ Վարչապետի առաջնորդությամբ Հայաստանի նպատակն է հնարավորինս սեղմ ժամկետներում հասնել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանմանը, և ՆԳ նախարարությունը շարունակելու է հետևողական քայլերը այդ ուղղությամբ։
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գինտարաս Ալիքսանդրավիչիուսը և Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։
ԵՄ և Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաները դրվատանքով են խոսել Հայաստանի գրանցած առաջընթացի մասին՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարության համակարգմամբ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում կատարվող բարեփոխումներն արդեն իսկ տեսանելի ու շոշափելի արդյունքներ են ապահովում։
Ծրագրի թիմի ղեկավար Էվելինա Գուձինսկայտեն ներկայացրել է նախագծի առանցքային ուղղություններն ու նախատեսված քայլերը։
«Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ Լիտվայի Հանրապետության կողմից՝ ՀՀ ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությամբ։