Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Մեր հետախուզությունը զեկույց է ներկայացրել․ տվյալներ ենք ստացել, այդ թվում՝ ամերիկացի և եվրոպացի գործընկերներից, ռուսների կողմից «Օրեշնիկի» կիրառմամբ հարվածի նախապատրաստման վերաբերյալ։ Ստուգում ենք այդ տեղեկությունը։
Տեսնում ենք Ուկրաինայի տարածքի, մասնավորապես՝ Կիևի դեմ համակցված հարվածի նախապատրաստման նշաններ՝ տարբեր տեսակի սպառազինության կիրառմամբ։ Նշված միջին հեռահարության սպառազինությունը կարող է օգտագործվել այդ հարվածում»։,– գրել է նա՝ տելեգրամ ալիքում:
Զելենսկին Ուկրաինայի բնակիչներին կոչ է արել «գիտակցաբար արձագանքել օդային տագնապի ազդանշաններին՝ սկսած այսօրվա երեկոյից» և օգտվել ապաստարաններից։ Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստում է հակաօդային պաշտպանությունը և պատասխանելու է ռուսական յուրաքանչյուր հարվածի։
Նախօրեին Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի զինված ուժերին մեղադրել էր Լուգանսկի մարզի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում գտնվող Սթարոբելսկ քաղաքի մանկավարժական քոլեջի հանրակացարանի վրա «ահաբեկչական հարված» հասցնելու մեջ։ Ռուսաստանի ԱԻՆ տվյալներով՝ այդ հարվածի հետևանքով զոհվել է 18 մարդ։
ՌԴ նախագահը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը «ներկայացնել առաջարկներ», թե ինչպես պատասխանել այդ հարձակմանը։