Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ենթակա է արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ենթակա է արդարացման․ հայտարարություն
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։…

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։ Նման հայտարարություն են տարածել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածուներ Զորայր Հարությունյանը, Արտակ Ղազարյանը, Ռուս-Հայկական համալսարանի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի հայցորդ Գրիգոր Չապանյանը։


«Հաշվի առնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հանրային մեծ հնչեղությունը, ինչպես նաև դրա բացառիկ պատմական նշանակությունը հայ ժողովրդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմել և Վեհափառին ու Դատավորին ենք ներկայացրել սույն գործով Amicus Curiae եզրակացություն։


Եզրակացությունը պատրաստվել է բացառապես իրավական վերլուծության հիման վրա՝ զերծ քաղաքական կամ այլ գնահատականներից, և ուղղված է արդարադատության իրականացմանը նպաստելուն։


Հիմնական թեզերը.


1) «Կարգալույծ անել» արարքը զուրկ է քրեաիրավական հակաիրավականությունից։ Այն կարգավորվում է բացառապես եկեղեցական կանոնական իրավունքով և գտնվում է պետական պոզիտիվ իրավունքի կարգավորման առարկայից դուրս:


2) Կարգալույծ անելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցելը համարվում է Եկեղեցու ներքին գործերին քրեաիրավական միջամտությունը և խախտում է Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով երաշխավորված պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքը, ինչպես նաև կրոնական կազմակերպության ինքնավարությունը (ՀՀ Սահմանադրության 17-րդ, 41-րդ հոդվածներ, ՄԻԵԿ 9-րդ հոդված, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունք, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներ):


3) Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին մեղսագրվող արարքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը (կոնկրետ արարքը). Նրանք ներկայացրել են կագրալույծ անելու վերաբերյալ առաջարկություն, որը վերջնական որոշում չէ:


4) Այս գործով հետապնդումը հարուցելով՝ խախտվել է իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջը. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատական ակտում «կարգալույծ անելն» ուղղակիորեն արգելված չի եղել, և դա հնարավոր չէր դուրս բերել դատական ակտը intra legem analogia կանոնով մեկնաբանելու միջոցով, ուստի քրեական պատասխանատվության սահմանները որոշակի են դարձել միայն հետագայում, ինչը հակասում է քրեական օրենքի որոշակիության և օրինականության սկզբունքներին:


5) Այլընտրանքային փաստարկ. Նույնիսկ ձևական հանցակազմի առկայության դեպքում սույն գործով անձանց մեղսագրվող արարքը նվազ վտանգավոր է (ՀՀ ՔրՕ 16-րդ հոդվածի 2-րդ մաս): Արման Սարոյանը կարգալույծ հռչակվելուց հետո փաստացի շարունակել է իր գործունեությունը որպես թեմի առաջնորդ՝ կրելով եպիսկոպոսական սքեմ և նստելով առաջնորդի աշխատասենյակում: Ավելին, պետությունն ինքն է շարունակել նրան ճանաչել որպես Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ. ՀՀ վարչապետի N 251-Ա որոշմամբ Արման (Տ. Գևորգ եպիսկոպոս) Սարոյանն ընդգրկվել է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմում՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ: Այս հանգամանքը միանշանակ վկայում է, որ արարքը չի խոչընդոտել արդարադատության բնականոն գործունեությանը, և, հետևաբար, համաչափության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից այն չի կարող հանդիսանալ քրեական պատասխանատվության հիմք:


ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։

Արթուր Ղամբարյան
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան

Արտակ Ղազարյան
իրավաբանական գիտությունների թեկնածու

Զորայր Հարությունյան
իրավաբանական գիտությունների թեկնածու

Գրիգոր Չապանյան
Ռուս-Հայկական համալսարանի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի հայցորդ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250