Քաղաքականություն

Կարևոր է` Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ժամանակին ստորագրումը․ Լիտվայի ԱԳ փոխնախարար

Ofelya
Կարևոր է` Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ժամանակին ստորագրումը․ Լիտվայի ԱԳ փոխնախարար

Լիտվան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը և տրանսպորտային կապերի վերականգնման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները․ այժմ կարևոր է ապահովել պայմանագրի ժամանակին ստորագրումը և վավերացումը՝ Վաշինգտոնի հռչակագրում նշված մյուս պարտավորությունների լիարժեք կատարման հետ մեկտեղ։ Այս մասին «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Օդրա Պլեպիտեն։


Օդրա Պլեպիտեն իր խոսքում հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը նույնպես կկարողանա նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Լիտվայի ԱԳ փոխնախարարի խոսքով՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) տարանցիկ նախագծի իրականացման համատեքստում Վիլնյուսը կոնկրետ ներդրում ունենալու հնարավորություն է տեսնում՝ առաջարկելով իր փորձը Կալինինգրադի հեշտացված տարանցիկ մոդելի վերաբերյալ:



-Ինչպե՞ս կմեկնաբանեք Լիտվայի վարչապետի մասնակցությունը Երևանում մայիսի 4-ին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ 


-Մենք ողջունում ենք այս օրերին Հայաստանում բարձր մակարդակի միջոցառումների անցկացումը՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը և «Երևանյան 3-րդ երկխոսությունը»։


Հաճելի է, որ մեր վարչապետ տիկին Ռուգինիենեն հնարավորություն ունեցավ Երևանում մասնակցելու այս կարևոր բանակցություններին։ Վարչապետը շեշտեց Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու և եվրոպական երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ անվտանգությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու համար։


Եվրոպական առաջնորդների հետ քննարկումներում վարչապետը նաև բարձրացրեց հիբրիդային սպառնալիքների հարցը՝ ընդգծելով կոլեկտիվ դիմադրողականության և էներգետիկ անվտանգության բարձրացման կարևորությունը: Առանձին կլոր սեղանի շուրջ քննարկումը նույնպես անդրադարձավ ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդմանը և հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն։ Ինչպես նշեց վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը ռազմավարական նշանակություն ունի մայրցամաքի համար. փոխադարձ հարգանքի և անվտանգության վրա կենտրոնացվածության վրա հիմնված կառուցողական համագործակցությունը մեր ընդհանուր շահերից է բխում։


-Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովից և ինչպե՞ս եք գնահատում դրա հնարավոր դերը տարածաշրջանային և միջազգային երկխոսության խթանման գործում։ 


- Մենք ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում առաջընթացը և տրանսպորտային կապերի վերականգնման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները։ Մենք նաև ողջունում ենք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում դրական զարգացումները, որոնք կարևոր են միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար։


-Տիկին փոխնախարար, ինչպե՞ս է Լիտվան գնահատում և ի՞նչ դիրքորոշում ունի Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։ 


-Մենք ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և տրանսպորտային կապերի վերականգնման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները, որոնք տեղի ունեցան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ՝ Սպիտակ տանը․ պատմական հանգրվան, որը նշանավորում է տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ մեծ առաջընթաց։ Այժմ կարևոր է ապահովել պայմանագրի ժամանակին ստորագրումը և վավերացումը՝ եռակողմ հռչակագրում նշված մյուս պարտավորությունների լիարժեք կատարման հետ մեկտեղ։ Խաղաղությունը մեծ օգուտ կբերի երկու երկրներին, նրանց ժողովուրդներին և Հարավային Կովկասի ավելի լայն տարածաշրջանին՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինստիտուցիոնալ և սոցիալական զարգացման, մարդկանց միջև կապերի ամրապնդման և տարածաշրջանային կապի բարելավման համար՝ տրանսպորտային, առևտրային և էներգետիկ նախագծերի միջոցով։ Երկարատև կարգավորումը կարող է նաև խթանել ներդրումները, տնտեսական աճը, տարածաշրջանային կայունությունը և Հարավային Կովկասի դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ։


Մենք տեսնում ենք համագործակցության զարգացման խոստումնալից նշաններ. Ադրբեջանի կողմից 4 հայ բանտարկյալների վերադարձը, վառելիքի տարանցումը և հնարավոր առևտրային փոխանակումների վերաբերյալ քննարկումները։


Մենք հույս ունենք, որ ԵՄ-ն նույնպես կկարողանա նպաստել այս գործընթացներին՝ առաջարկելով իր աջակցությունը։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) տարանցիկ նախագծի համատեքստում մենք տեսնում ենք կոնկրետ հնարավորություն՝ ներդրում ունենալու համար՝ առաջարկելով մեր փորձը Կալինինգրադի հեշտացված տարանցիկ մոդելի վերաբերյալ, որը կարող է կիրառվել Հարավային Կովկասում:


Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250