Սաուդյան Արաբիան դուրս եկավ Թրամփի դեմ
Դոնալդ Թրամփը չեղարկել է Հորմուզի նեղուցով անցնող նավերին աջակցելու իր ծրագիրը, երբ Սաուդյան Արաբիան արգելել է ամերիկյան զինուժին օգտագործել իր ռազմաբազաներն ու օդային տարածքը։
Ըստ NBC հեռուստաալիքի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել «Ազատություն նախագծի» շրջանակներում Հորմուզի նեղուցով անցնող նավերին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան կասեցրել է ամերիկյան զինվորականների կողմից իր բազաների և օդային տարածքի օգտագործման հնարավորությունը տվյալ գործողության համար։
Թրամփը կիրակի օրը սոցիալական ցանցերում հայտարարել էր գործողության մեկնարկի մասին, ինչը զարմացրել էր Էր Ռիադին և հարուցել սաուդյան ղեկավարության զայրույթը։ Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ինքնաթիռներին օգտագործել իր տարածքը գործողությունն իրականացնելու նպատակով։ Առաջնորդների միջև տեղի ունեցած բանակցությունները չեն հանգեցրել վեճի հարթմանը։
Կատարը և Օմանը նույնպես զարմացած էին Թրամփի նախնական հայտարարությամբ. նրանցից ոմանք տեղեկացվել են միայն այն ժամանակ, երբ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել էին։ Մեկ այլ «զարմացած» կողմ էլ Իսրայելն է, թեև վարչապետ Նեթանյահուն հերքում է դա։ Իսրայելին չեն տեղեկացրել գործողության դադարեցման մասին։
Չորեքշաբթի օրը կառավարական աղբյուրը քաղաքական թղթակիցներին պարզաբանել է, որ Թրամփի՝ դեէսկալացիայի գնալու որոշումն անակնկալ չէր Նեթանյահուի համար։ Այս տեղեկությունը տարածել են Ynet-ը, «Կան»-ը, ինչպես նաև 12-րդ, 13-րդ և 14-րդ հեռուստաալիքները։ Երեքշաբթի երեկոյան իսրայելական աղբյուրը պնդում էր, որ Իսրայելը տեղեկացված չի եղել Իրանի հետ Թրամփի հնարավոր համաձայնության մասին և պատրաստվում էր պատերազմի վերսկսմանը։ Նեթանյահուն կարևոր է համարում հերքել այս լուրը, որպեսզի ընտրողները չկասկածեն Թրամփի հետ նրա մտերմությանը։
«Ամերիկացիները մեզ չեն զարմացրել։ Կառավարության ղեկավարը մշտական կապի մեջ է նախագահ Թրամփի հետ, նրանք զրուցում են գրեթե ամեն օր։ Կա ուղիղ կապ վարչապետի մարդկանց և նախագահի մարդկանց միջև։ Մեզ պարզաբանել են, որ նախագահ Թրամփը չի նահանջում իր «կարմիր գծերից», և դրանցից գլխավորը հարստացված ուրանի դուրսբերումն է», - հայտնել են «Կան»-ի լրագրողները։
Սաուդյան Արաբիայի հետ կապված խնդիրներից հետո Իրանին առաջարկ է ներկայացվել, որին կողմը դեռ չի պատասխանել։ Թրամփը նախապես պատասխանի համար տվել էր երկու օր, իսկ հետո ժամկետը երկարացրել մինչև մեկ շաբաթ։
Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Իրանը գործարք է ուզում, տեսնենք՝ կհամաձայնեն արդյոք պայմաններին, թե ոչ»։ Fox News-ի հետ զրույցում նա հստակեցրել է, որ նոր վերջնագիրը մեկ շաբաթ է՝ հավելելով. «Դա վերջնաժամկետ չէ, բայց դա տեղի կունենա»։