Բանկային համակարգում սպասվում են հարկային դրույքաչափերի փոփոխություններ
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը՝ դրանք համարելով անհետաձգելի։
Հարկային գործող կարգավորումներով բանկերի ֆինանսական գործառնությունների մեծ մասն ազատված է ԱԱՀ-ից։ Միաժամանակ, 2020 թվականից շահութահարկի դրույքաչափը կրճատվել է 2 տոկոսային կետով, իսկ եկամտային հարկի սանդղակը փոխարինվել է միասնական 23 տոկոսով, որը մինչև 2023 թվականը նվազել է՝ հասնելով 20 տոկոսի։ Որոշակի դեպքերում թեթևացվել է նաև շահաբաժինների հարկային բեռը։ Այս նվազեցումների նպատակն ուղղակի հարկերի կրճատման միջոցով տնտեսության արտահանելի ճյուղերի ծախսերի նվազեցումն ու մրցունակության մեծացումն էր։ Արդյունքում բանկային համակարգը, որն ամբողջությամբ արտահանելի ոլորտ չէ և ազատված է ԱԱՀ-ից, օգտվել է ուղղակի հարկերի նվազեցման քաղաքականությունից։
Նախագծերի նպատակը բանկային ոլորտի համար հիմնավորված հարկային բեռի և արդյունավետ կարգավորումների սահմանումն է։ Փաթեթը նաև լրացուցիչ տնտեսական խթաններ է ստեղծում բանկերի համար՝ բաժնետոմսերը ֆոնդային բորսաներում ցուցակելու նպատակով։ Ակնկալվում է բարձրացնել բանկային շահաբաժինների հարկման դրույքաչափերը։
Նախագծերի ընդունմանն անդրադառնալիս վարչապետը նշել է. «Վերջերս փոքր բիզնեսի համար անկանխիկ առևտրի միջնորդավճարների նվազում է տեղի ունեցել՝ բավական շոշափելի, մենք հիմա քննարկում ենք և համոզված եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք դա: Պոզիտիվ բանկային պատմություն ունեցող փոքր և միջին ձեռնարկատերերի համար տոկոսների որոշակի անկում տեղի կունենա, շոշափելի և որոշակի կառուցակարգերով, և իհարկե, մենք քաջալերում ենք բանկային համակարգին, որպեսզի հաստատված խաղաղությունը ավելի տեսանելի ձևով արտահայտվի բանկային տոկոսների վրա»։