Ի՞նչ է նշանակում «ընդդիմության առաջնորդ». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել RTVI միջազգային հեռուստաալիքի՝ «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարին։
Լրագրողի դիտարկմանը, թե ըստ ամերիկյան և հայկական սոցիոլոգների՝ Փաշինյանից հետո երկրորդ տեղում Սամվել Կարապետյանն է, և Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է, Քոչարյանն անհամաձայնություն է հայտնել:
Նա նշել է, որ ընդդիմադիր դաշտն այսօր ավելի մրցակցային է, և Սամվել Կարապետյանի թիմը նախընտրական քարոզչությունը սկսել է դեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից, մինչդեռ իրենք սկսել են ընդամենը մեկ ամիս առաջ։
Քոչարյանի խոսքով՝ սոցիոլոգիան Հայաստանում հաճախ դառնում է հանրային կարծիքի վրա ազդելու գործիք, այլ ոչ թե քաղաքական վիճակը չափելու միջոց։
Անդրադառնալով «ընդդիմության առաջնորդ» ձևակերպմանը՝ նախկին նախագահը նշել է. «Ձևակերպման հետ համաձայն չեմ։ Ի՞նչ է նշանակում «ընդդիմության առաջնորդ»։ Կան մի քանի բավականին խոշոր ընդդիմադիր ձևաչափեր, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է հաղթանակի, յուրաքանչյուրը տրամադրված է հաղթանակի, և ընդդիմադիր դաշտը մեկ անձի մեջ ընդհանրացնելն ու նույնացնելը պարզապես քաղաքականապես և քաղտեխնոլոգիապես անգրագիտություն է»։
Նա պարզաբանել է, որ առաջնորդը պետք է միավորի ամբողջ ընդդիմությունը, ինչը տվյալ դեպքում այդպես չէ։
Քոչարյանը նաև ընդգծել է, որ նախորդ ընտրությունների համեմատ ընդդիմադիր դաշտն ամրապնդվել է։ Խոսելով իր նախկին դերակատարման մասին՝ նա նկատել է, որ եղել է առաջին դերերում, բայց ոչ ընդհանրացված առաջնորդ։ «Դու կարող ես առջևում լինել ըստ սոցիոլոգիայի, ըստ անցկացվող միջոցառումների մասշտաբի, բայց դու առաջնորդ չես այլ ընդդիմադիր կուսակցությունների համար. սրանք բոլորովին տարբեր բաներ են»,- հավելել է նա։
Ըստ նախկին նախագահի՝ բոլոր ընդդիմադիր ուժերն ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ ազատվել գործող իշխանությունից։ Նա եզրափակել է, որ եթե լիներ մեկ միասնական առաջնորդ, ապա ընդդիմությունը կմիավորվեր մեկ քաղաքական միավորի մեջ, սակայն քանի որ դա տեղի չի ունեցել, կարելի է խոսել միայն «սոցիոլոգիական առաջնորդության» մասին։