Շուտով կենսաչափական անձնագրերը կներկայացվեն հանրությանը․ Փաշինյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ասել է, որ նախատեսվում են փոփոխություններ, որոնք վերացնում են բոլոր դեֆորմացիաները, որոնք անձը հաստատող փաստաթղթի մասով տարիներ շարունակ ունեցել ենք՝ այդ թվում անձնագիրը վերցնելու և մնացյալ բաղադրիչների մասով։
«Ենթադրվում է ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի ներդրում՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, բարձր ստանդարտին համապատասխան»,- ասել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է օրենսդրական փոփոխությունները․ «Դրանք կապ ունեն կենսաչափական անձնագրերի համակարգ ներդնելու հետ։ Վերջին մի տարվա ընթացքում այդ համակարգի վրա առանձնակի ինտենսիվ ենք աշխատել»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ անձնագրերի նոր ձևավորումն արդեն կա։
«Առաջիկայում այդ ձևավորումը հանրությանը կներկայացնենք։ Ուզում եմ ասել, որ հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ անձնագրերի պատկերները ցույց տան մեր ծագումնաբանությունը»,- ասել է նա՝ նշելով, որ դա պետության այցեքարտն է։
Ըստ նրա՝ սահմանային բոլոր կետերում կլինի անհպում (անկոնտակտ) անցման հնարավորություն․ «Այսինքն՝ քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում և առանց որևէ կոնտակտի ելումուտ է անում ՀՀ»,- ասել է նա՝ հավելելով, որ այս միտումը կարող է լինել նաև այլ երկրներում, եթե երկու կողմերի միջև համաձայնություն լինի։