«Անկախ դիտորդ» դաշինքը դատի է տվել Աննա Հակոբյանին
3 կարևոր նորություն «Անկախ դիտորդ» դաշինքից. 1՝ Դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին: Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«2. Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։
3. Դաշինքը համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն ենք ուսումնասիրում, որ, միգուցե, դիմենք ԿԿՀ»,-գրել էնա:
«Ապրիլի 22-ին Անկախ դիտորդը մեկ դիմում է ուղարկել Վարչական դատարան և մեկ հաղորդում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Անկախ դիտորդ դաշինքը նաև ուսումնասիրում է «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից ապրիլի 23-ին կազմակերպվող Ջահերով երթի կազմակերպչական, բովանդակային և տեսանելիության աճին ուղղված աշխատանքների ծախսերը և գնահատելու է այդ ծախսերի, որպես կուսակցության օգտին քարոզչությանն ուղղված ծախսերի կամ բնամթերքով նվիրատվության ձևով կուսակցության ծախսերում ներառման անհրաժեշտությունը, ինչպես նաև կուսակցության կողմից իրականացվող ծախսերի հայտարարագրումը։
1․ Վարչական դատարան ներկայացված դիմումի հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Ֆորմալ առումով «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները կարող են Քրեական օրենսգրքի 232 հոդվածի (Բարեգործության արգելք) սուբյեկտ լինել այն դեպքում, երբ հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինչի մասին Անկախ դիտորդը տեղյակ չէ, սակայն միանշանակ է, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․16 հոդվածը սահմանում է, որ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում այն կազմակերպությունների կողմից, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ կուսակցությունների կողմից ղեկավարվող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այն կազմակերպությունների կողմից, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել է (են) որպես թեկնածու, բարեգործություն կատարելն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ՝ առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
Հանրահայտ փաստ է, որ Իմ քայլը հիմնադրամի անվանումն ասոցացվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ և ըստ այդմ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան։
2․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված հաղորդումը վերաբերում է Երևան քաղաքում Քաղաքացու օրը կազմակերպվող համերգին։ 2026թ․ ապրիլի 25-ին նշվող Քաղաքացու օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Խաղաղության ձայնը» խորագրով համերգ, որի հովանավորը գործարար Վիգեն Բադալյանն է։ Նույն խորագրով ևս մեկ համերգ տեղի ունեցավ ապրիլի 19-ին՝ Գյումրիում։ Հաշվի առնելով, որ համերգի խորագիրը համապատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կարգախոսին՝ այս միջոցառումները կարելի է ընկալել որպես բնեղենով նվիրատվություն կուսակցությանը։ Այդ դեպքում միջոցառման կազմակերպումը փաստացի խախտում է Կուսակցությունների մասին օրենքով սահմանված նվիրատվությունների առավելագույն չափը և կարող է ենթադրել պատասխանատվություն Քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով։
Այն է` նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցելը, որը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Անկախ դիտորդը նշել է նաև, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե արդյոք նվիրատվությունը կատարվել է ֆիզիկական անձի (Վիգեն Բադալյանի), թե՞ իրավաբանական անձի (Վիգեն Բադալյանին պատկանող Ֆասթ բանկի) անունից կամ այլ ապօրինի աղբյուրներից, քանի որ ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից կուսակցություններին նվիրատվություն կատարել չի թույլատրվում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելու համար և նախատեսում պատիժ՝ տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»,-ասված է Անկախ դիտորդի տարածած հայտարարության մեջ: