Հասարակություն

ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվեց

Mariam Z.
ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվեց

2025 թվականի ամռանը տեղեկություններ տարածվեցին օդանավակայանում հայ կին դիվանագետի ձերբակալության մասին, որին հաջորդել էին խուզարկություններ և փաստաթղթերի առգրավում ԱԳՆ-ում։ Թեև պաշտոնական կառույցները սկզբում հերքում էին լուրը, հետագայում պարզվեց, որ ձերբակալվածը Ավստրիայում նորանշանակ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանն է։ Նրան մեղադրում էին ադրբեջանցու հետ ունեցած անձնական կապի միջոցով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հայտնելու համար։


ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2025 թվականի հունիսի 20-ին ԱԱԾ-ից ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԱԳՆ աշխատակցին մեղադրանք էր առաջադրվել լրտեսության, պետական գաղտնիքին ծանոթանալու պայմաններ ստեղծելու և թշնամական գործունեությանն օժանդակելու միջոցով պետական դավաճանություն կատարելու համար։ Ալեքսանյանը չէր ընդունում առաջադրված մեղադրանքը և կալանավորվել էր։


Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը վերջերս կայացրած որոշմամբ Ալեքսանյանին արդարացրել է պետական դավաճանության հոդվածով։ Դատարանի գնահատմամբ՝ նրա գործողություններում առկա են ոչ թե դավաճանության, այլ պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման հատկանիշներ (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մաս)։


«Հրապարակին» Փաստաբան Աբգար Պողոսյանը նշել է, որ դատարանն իր պաշտպանյալին դատապարտել է 2 տարվա ազատազրկման, սակայն իրենք պատրաստվում են բողոքարկել որոշումը Վերաքննիչ դատարան՝ պնդելով, որ Ալեքսանյանի արարքում ընդհանրապես հանցանք չկա։ Պաշտպանը հայտնել է նաև, որ դատավճռի օրինական ուժ ստանալուց հետո իրավական գործընթաց են սկսելու «պետական դավաճանի» պիտակավորման և անհիմն մեղադրանքի համար՝ հասնելով մինչև միջազգային ատյաններ։ Ըստ պաշտպանի՝ Ալեքսանյանը դեռ չէր ստանձնել հյուպատոսի պաշտոնը, երբ կանչվել էր հարցաքննության և սեփական նախաձեռնությամբ ներկայացել ու օժանդակել նախաքննությանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250