Աշխատատեղերը կհամալվեն ՀՀ քաղաքացիներով․ Փաշինյանը՝ TRIPP-ի մեկնարկի մասին
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2026-ին նախատեսվում է սկսել TRIPP նախագծի իրականացումը։ Ըստ վարչապետի հաշվարկների՝ ամենաարագը շահագործման կհանձնվեն էլեկտրահաղորդման գծերը։ Փաշինյանը շեշտել է, որ ծրագիրը կստեղծի բազմաթիվ աշխատատեղեր, և հույս է հայտնել, որ դրանք կհամալրվեն ՀՀ քաղաքացիներով՝ առանց օտարերկրյա աշխատուժի ներգրավման անհրաժեշտության։
«Համոզված եմ, որ մենք արդեն 2026 թվականին գետնի վրա կսկսենք աշխատանքները։ Իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը։ Այս նախագիծն էլ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու, և ես հույս ունեմ, որ մենք կապահովենք աշխատատեղերը Հայաստանի քաղաքացիների միջոցով, և ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել: Գյումրի-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան սահման երկաթգծի հատվածների վերակառուցում, մենք սա սա շատ արագ՝ 1-1.5 տարվա ընթացքում կանենք»,- ասել է Փաշինյանը։
Կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական զարգացման բաժնում ներառված է TRIPP (Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության) ներդրումային ծրագրի մեկնարկը՝ երկաթուղային և էլեկտրահաղորդման ենթակառուցվածքների գործարկմամբ։ Ծրագիրը նաև նախատեսում է Գյումրի–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերականգնում։
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ներառյալ TRIPP նախագիծն ու Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը, նպատակ ունեն ամրապնդել խաղաղությունն ու տարածաշրջանը վերածել «Խաղաղության խաչմերուկի»՝ կապելով հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը։
TRIPP-ը հայ-ամերիկյան ներդրումային նախագիծ է, որի շուրջ համաձայնությունը կայացել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովում։ Այս նախագծով կապահովվի նաև Ադրբեջանի հիմնական տարածքի կապը Նախիջևանի հետ։