Վաշինգտոնի իրադարձությունը շրջադարձային կլինի ողջ տարածաշրջանի համար. Կոստանյան
Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է տարածաշրջանի ռազմավարական հեռանկարներին նվիրված պանելային քննարկմանը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով քննարկմանը մասնակցել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:
Անդրադառնալով հարևանների հետ խաղաղության հնարավորություններին՝ Վահան Կոստանյանը շնորհավորել է թուրք գործընկերներին համաժողովի կազմակերպման համար և ընդգծել տարածաշրջանում առկա նոր դինամիկան։ Նա նշել է, որ եթե նախկինում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումներից ակնկալվում էր բախում, ապա այժմ չորս երկրների ներկայացուցիչները քննարկում են ընդհանուր ապագան և համագործակցությունը։ Ըստ փոխնախարարի՝ անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունը շրջադարձային կլինի ողջ տարածաշրջանի համար։
Կոստանյանը շեշտել է, որ Հարավային Կովկասի ներկայիս կայունությունը մեծ մրցակցային առավելություն է համաշխարհային անորոշությունների ֆոնին։ Նա կոչ է արել քաղաքական որոշումներով բացել հաղորդակցությունները՝ տարածաշրջանը դարձնելով կապող օղակ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի միջև։ Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը երկու երկրների անկախության ու ինքնիշխանության կարևորագույն երաշխիքն է։
Խոսելով համագործակցության դրական օրինակների մասին՝ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ խաղաղության ինստիտուցիոնալացումը ամենօրյա ներդրում է պահանջում։ Նա տեղեկացրել է Ադրբեջանի հետ սկսված առևտրի մասին և հույս հայտնել, որ մոտ ապագայում կսկսվի հայկական ապրանքների արտահանումը։ Որպես համագործակցության ուղղություններ նա առանձնացրել է էներգետիկ անվտանգությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ իրականացվելիք ԹՐԻՓՓ նախագիծը, ինչպես նաև տրանսպորտային ու էներգետիկ ցանցերի զարգացումը։ Հայաստանը շահագրգռված է դառնալ տարանցիկ հանգույց և մասնակցել Սև ծովի ստորջրյա նախագծին։
Անդրադառնալով Եվրոպական միության հետ հարաբերություններին՝ Կոստանյանը հայտնել է, որ Հայաստանն ունի եվրոպական ձգտումներ և աշխատում է ոլորտային ինտեգրման ուղղությամբ։ Նա հիշեցրել է անցյալ տարի ընդունված՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ օրենքի մասին։ Ինտեգրման ժամկետների վերաբերյալ նա նշել է, որ այս պահին չի կարող խոսել 2028 թվականի ժամանակացույցի մասին, քանի որ անհրաժեշտ է նախ իրականացնել լայնածավալ բարեփոխումներ։
Եզրափակելով խոսքը՝ Վահան Կոստանյանը նկատել է, որ քննարկման բոլոր բանախոսները ունեն բաց մտքեր, սակայն հավելել է, որ դրանք պահանջում են նաև բաց սահմաններ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում այդ հարցում փոփոխություն կլինի։