Յուրաքանչյուր պետությունում էլ կան հիմար մարդիկ. Ռուբիոյի կոշտ պատասխանը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը նշել է, որ յուրաքանչյուր պետությունում էլ կան հիմար մարդիկ: Այս կերպ նա արձագանքել է վերջերս ամերիկացիների կողմից հնդիկների հասցեին արված ռասիստական հայտարարություններին, հայտնում է Hindustan Times-ը։
Նյու Դելիում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ հանդիպման ժամանակ Ռուբիոյին հարց է ուղղվել ամերիկացիների կողմից հնդիկների հասցեին ենթադրյալ ռասիստական հայտարարությունների ավելացման վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս սոցիալական ցանցերում գրառում էր կատարել՝ Հնդկաստանը կոչելով «դժոխային փոս», սակայն հետագայում փորձել էր հստակեցում մտցնել՝ դրվատելով Հնդկաստանին և վարչապետ Նարենդրա Մոդիին։ Ռուբիոն, երբ նրան ներկայացրել են ռասիստական հրապարակումների մասին, ասել է. «Չգիտեմ՝ ինչ ասել, բայց ես դրան շատ լուրջ կվերաբերվեմ։ Վստահ եմ, որ կան մարդիկ, որոնք մեկնաբանություններ են թողնում համացանցում և այլ վայրերում, որովհետև աշխարհի յուրաքանչյուր երկրում էլ հիմար մարդիկ կան։ Վստահ եմ, որ [կան] հիմար մարդիկ այստեղ, Միացյալ Նահանգներում էլ, որոնք մշտապես հիմար մեկնաբանություններ են անում»։
Մատնանշելով ներգաղթյալների, այդ թվում՝ հնդկական սփյուռքի ներդրումը ամերիկյան հասարակության ու տնտեսության կյանքում՝ նա ANI լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հավելել է. «Չգիտեմ՝ էլ ինչ ասեմ ձեզ, բացի նրանից, որ Միացյալ Նահանգները շատ հյուրընկալ երկիր է»։
«Մեր պետությունը հարստացել է այն մարդկանց շնորհիվ, որոնք աշխարհի տարբեր ծայրերից գալիս են մեր երկիր, դառնում ամերիկացիներ, ձուլվում մեր կենսակերպին, և դա իր ներդրումն է ունենում», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ Փաստելով Միացյալ Նահանգներում հնդկական համայնքի ունեցած տնտեսական դերը՝ Ռուբիոն ասել է. «Համաձայն եմ այն ամենի հետ, ինչ դուք հենց նոր ասացիք ԱՄՆ տնտեսության մեջ հնդիկների ներդրման մասին՝ ավելի քան 20 միլիարդ դոլար… Մենք ուզում ենք, որ այդ թիվը շարունակի աճել»։