Նորից սկսելու էր թմբուկ խփել և ժողովրդին տանել թրքացման. Սամվել Կարապետյան
«Քաղաքացիական պայմանագրի» ընտրողների երկու երրորդը մեզ լավ է վերաբերվում։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը՝ Կոտայքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Կարապետյանը տնային կալանքի տակ է, և հանդիպումներն անցկացվում են նրա տանը։
Խոսելով նախկինում իր կատարած աշխատանքի և երկրին ցուցաբերած աջակցության մասին՝ Կարապետյանը նկատել է, որ շատ բան հայտնի է, իսկ ավելի շատ բան՝ ոչ, քանի որ աշխատանքն ընթացել է այնպիսի ոլորտներում, որոնց մասին չի կարելի հրապարակավ խոսել։ «Ինձ ճանաչող մարդիկ, բոլորը գիտեն, որ իմ խոսքը գործ է։ Ես միշտ ասում եմ այն նվազագույնը, որ անելու ենք»,- հավելել է քաղաքական գործիչը։
Կարապետյանը շարունակել է, որ քաղաքականությամբ զբաղվելը իր կյանքի երազանքը չի եղել։ «Ասել եմ՝ եթե քաղաքական ուժերին չհաջողվի (փոխել իրավիճակը), մենք կմասնակցենք մեր ձևով»,- նշել է Կարապետյանը՝ փաստելով, որ քաղաքական ուժերը տարիների ընթացքում ուժի տեսանկյունից սպառել են իրենց. չկա այն ուժը, որը վերջ կդնի (կատարվողին), մենք պետք է դա անենք։
«Պատկերացրեք, եթե չմասնակցեինք, ինչ կլիներ։ Նորից սկսելու էր թմբուկ խփել և ժողովրդին տանել թրքացման»,- կարծում է Կարապետյանը։ Նա հայտնել է, որ հարցումների արդյունքներով՝ «ՔՊ»-ի պոտենցիալ ընտրողների երկու երրորդը լավ է վերաբերվում «Ուժեղ Հայաստանին», ինչը բացառիկ երևույթ է։ Չեն ընտրում, որովհետև մարդը դժվարությամբ է ընդունում, որ սխալվել է, նկատել է Կարապետյանը։
Պատկերավոր համեմատություն անելով՝ Սամվել Կարապետյանը հավելել է, որ Փաշինյանն այժմ ստանձնել է թափառական «յալանչիի» դերը, շրջում է փողոցներով և զվարճացնում մարդկանց։
Վերադառնալով լուրջ հարցերին՝ Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է հավաքել մարզերի խնդիրների վերաբերյալ ամբողջական տվյալներ, քննարկել առաջնահերթությունները։ Քաղաքական գործիչը խոստացել է մեծ ուշադրություն դարձնել բնապահպանական հարցերին, իսկ որպես ձախողված լուծումների օրինակ բերել է Ծաղկաձորը և մայրաքաղաքի շինարարական բումի ցավալի հետևանքները։ Վերջին դեպքում շուկայում իրավիճակի փոփոխությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել շինարարության շարունակման և արդեն կառուցվածի իրացման հարցում։