Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իրանի սպառնալիքներին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հեորհի Թիխին «բացարձակապես աբսուրդ» է անվանել իրանցի խորհրդարանականի այն հայտարարությունը, որ Ուկրաինան դարձել է «օրինական թիրախ»՝ Իսրայելին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու պատճառով։
Նա ընդգծել է, որ Իրանը տարիներ շարունակ աջակցել է ուկրաինացիների սպանություններին, Ռուսաստանին մատակարարելով անօդաչու սարքեր և ռազմական տեխնոլոգիաներ։ Թիխին Թեհրանի սպառնալիքները, որոնք հղում են կատարում ինքնապաշտպանության իրավունքին, համեմատել է սերիական մարդասպանի հետ, որը փորձում է արդարացնել իր հանցագործությունները քրեական օրենսգրքով։
«Իրանական ռեժիմը պետք է պատասխանատվության ենթարկվի իր բոլոր հանցագործությունների համար՝ ուղղված Իրանի ժողովրդին և այլ երկրներին ու ժողովուրդներին», - հավելել է դիվանագետը։