Իրանը՝ ԱՄՆ-ի հետ ունեցած լարվածության և հնարավոր պատերազմի մասին․ խորհրդական
Իրանը շարունակում է Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկներ ստանալ։ Այս մասին «Ալ Մայադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։
Նրա խոսքով՝ կա պատերազմից խուսափելու հնարավորություն։
«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բանակցել միայն Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցի շուրջ, քանի որ Եվրոպան ապացուցել է, որ բանակցություններում անվստահելի կողմ է», - ասել է Շամխանին։
Խամենեիի խորհրդականն անդրադարձել է նաև Ստամբուլում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև կայացած հանդիպմանը։
Շամխանին նշել է, որ «եթե մենք արդարացիորեն նստենք բանակցությունների սեղանի շուրջ և մերժենք անտրամաբանական և անհիմն պայմաններն ու հրահանգները, ապա հնարավոր է ԱՄՆ-ի հետ ուղղակի և անուղղակի հանդիպումներ անցկացնել»։
Նա խոսել է նաև Իրանի միջուկային պաշարների ճակատագրի մասին՝ ընդգծելով, որ օդային հարվածներից հետո դրանց վիճակը մնում է անորոշ։
«Հարստացված ուրանի պաշարների ծավալը դեռևս անհայտ է, քանի որ պաշարները ոչնչացման փուլում են։ Բարձր ռիսկի պատճառով դեռևս նախաձեռնություններ չեն ձեռնարկվել դրանք արդյունահանելու համար։ Այս առումով բանակցություններ են ընթանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ պաշարներին մուտք գործելու և դրանց քանակը գնահատելու հնարավորության վերաբերյալ՝ անվտանգության ապահովման և ցանկացած ռիսկի կանխարգելման պայմանով»,- ասել է դիվանագետը։





























