«Աբսուրդային» եմ համարում Ռուսաստանի՝ TRIPP ծրագրին միանալը․Սիմոնյան․ Factor

Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հավանական չի համարում Ռուսաստանի՝ TRIPP ծրագրին միանալը՝ ընդգծելով, որ այն «հայ-ամերիկյան կազմակերպություն է»։


«Նախ և առաջ, TRIPP-ը դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, եթե մենք խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղու կամ նմանատիպ ինչ-որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս, դա պետք է լինի առանձին ինչ-որ նախաձեռնություն, բայց TRIPP-ի շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի»,- ասել է նա։


Անդրադառնալով Ռուսաստանի հետաքրքրությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ «դա նորմալ է, մեծ տերության գործելաոճ է» և որևէ արտառոց բան չի նշանակում։


Նրա պնդմամբ՝ «Բոլորն էլ հետաքրքրված են իրենց շրջապատող երկրներում ազդեցություն ունենալ»։


Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «պատերազմի էջը փակված է» և խաղաղության օրակարգը հանրության կողմից ընդունված է։


Նրա համոզմամբ՝ այդ մոտեցումը «ևս մեկ անգամ կհաստատվի 2026 թվականի ընտրություններին»։ 


Քաղաքականություն