Պետության համը մնալու է իրենց բերաններում․ Կոնջորյանը՝ ՀԷՑ-ի միջնորդության մերժվելու մասին

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդությունը՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավոր չեն: Սա շատ կարևոր որոշում է: Այդ մասին Ազգային ժողովում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:


«Սա շատ կարևոր արձանագրում է, և Սամվել Կարապետյանը, բոլոր նրանք, ովքեր կփորձեն փողի միջոցով ՀՀ ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ կառավարության գործողությունները սաբոտաժի ենթարկել, պիտի ականջներին օղ անեն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս պետության համը մնալու է իրենց բերաններում»,- ասել է նա:


Կոնջորյանը նաև հիշեցրել է, որ 2024-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀԷՑ-ի վիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր արել Ազգային ժողովում: Դրան հաջորդել էր ՀԷՑ-ի պետականացման գործընթացը, որի շրջանակում բացահայտումներ էին եղել, և, ըստ Կոնջորյանի, դեռ բացահայտումներ լինելու են:


«Արբիտրաժի այս որոշումը չափազանց կարևոր հանգրվան է, որովհետև այն մարդիկ, որոնք փորձում էին հանրությանը մոլորեցնել, որ միջազգային ատյաններում սա կանենք, նա կանենք, միջազգային ատյաններում նրանք ևս արժանացան համապատասխան գնահատականի:


Այս գործընթացը լինելու է շարունակական, ու բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար»,- ասել է պատգամավորը։ 



Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասել է․ «Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում»: 

Քաղաքականություն

Պատահարներ