Փոխվել են ԼՂՀ-ից տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի պայմանները. նոր հնարավորություններ են ավելացել
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ և հունիսի 14-ի N 898-Լ որոշումներով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման կարգը։ Սակայն շատերը չգիտեն, որ 2026 թվականի հունիսի 25-ի N 926-Լ որոշմամբ այս երկու որոշման մեջ կատարվել են մի շարք լրացումներ ու փոփոխություններ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, փոփոխությունները վերաբերում են ինչպես աջակցության պայմաններին, այնպես էլ ամուսնալուծված ընտանիքների, հավաստագրերի միավորման և գույքի պաշտպանության հարցերին։
Ամուսնալուծված ընտանիքների և երեխաների հարցը
Նոր կարգավորմամբ, եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա, ապա երեխան համարվում է այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան։ Դատարանի որոշման բացակայության դեպքում երեխան համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ, իսկ հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի։
Հավաստագրերի միավորման հնարավորություն
Որոշմամբ ամրագրվել է, որ հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է իրացվել որպես դրական մնացորդ՝ ծրագրով սահմանված ուղղություններով։ Հավաստագրերի միավորումն իրականացվում է համատեղ դիմումի հիման վրա, և ծառայությունը դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում միավորում է հավաստագրերը։
Աջակցության միջոցների նոր ուղղություններ
Ընդլայնվել են աջակցության գումարի օգտագործման հնարավոր ուղղությունները. վերանորոգմանը ավելացվել են նաև անհատական բնակելի տան վերակառուցումը և տնամերձ հողամասի կառուցապատումը։ Բացի այդ, սահմանվել է, որ վերանորոգման սահմանաչափի շրջանակում գործընկեր ֆինանսական կազմակերպությունները կարող են տրամադրել մեկից ավելի վերանորոգման վարկ։
Կանխավճարի պետական սուբսիդավորում
Որոշմամբ փոփոխվել է կանխավճարի մասով կարգավորումը. եթե նախկինում այն 0 տոկոս էր, ապա այժմ սահմանվել է, որ կանխավճարը կազմում է հավաստագրով հասանելիք գումարի 20 տոկոսը, որը վճարում է պետությունը։
Վարկի տոկոսադրույքի փոփոխությունները
Որոշմամբ ճշգրտվել են ծրագրային վարկերի տոկոսադրույքի հաշվարկման կանոնները։ Մասնավորապես՝ ծրագրային վարկերի տոկոսադրույքը սահմանվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով՝ ավելացված առավելագույնը 2 տոկոսային կետով, սակայն ոչ ավելի, քան 13%։ Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկի դեպքում տոկոսադրույքը առաջին 36 ամսում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից կարող է փոփոխվել՝ տարեկան երկու անգամ (ապրիլ և հոկտեմբեր), բայց ողջ ընթացքում սկզբնական տոկոսադրույքի համեմատ չի կարող փոխվել ավելի քան 4 տոկոսային կետով։
Գույքի պաշտպանությունը
Կարևոր նոր երաշխիք է ամրագրվել. տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ 100 տոկոսով սուբսիդավորվող հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Բացի այդ, աջակցության դադարեցման և գույքը պետությանն անցնելու դեպքում պետությունն ապահովում է հիփոթեքային վարկի չմարված պարտավորությունների մարումը՝ ծրագրով հասանելիք աջակցության չափի շրջանակում։
Ե՞րբ են գործում փոփոխությունները
Որոշման առանձին դրույթ ունի հետընթաց գործողություն. գույքի պաշտպանությանը վերաբերող կարգավորման գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ N 926-Լ որոշմամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրում ճշգրտվել են ամուսնալուծված ընտանիքների և երեխաների ընդգրկման կանոնները, ներդրվել է հավաստագրերի միավորման հնարավորությունը, ընդլայնվել են աջակցության միջոցների ուղղությունները և ամրապնդվել են շահառուի գույքի պաշտպանության երաշխիքները: