Նարեկը միայն դե յուրե է թեկնածուն, իսկ դե ֆակտո լինելու է Սամվել Կարապետյանը․ «Հրապարակ»
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ կհայտարարվի, որ վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին, որը «Մեր ձևով» շարժման համակարգողն է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Սակայն թիմում բուռն քննարկումներ են գնում, թե ինչպես մատուցեն այդ լուրը․ ոմանք համարում են, որ Նարեկ Կարապետյանը շատ երիտասարդ է այդ կարգավիճակի համար: Ըստ ամենայնի, կհայտարարեն, որ Նարեկը միայն դե յուրե է թեկնածուն, իսկ դե ֆակտո լինելու է Սամվել Կարապետյանը, որը ՀՀ օրենսդրությամբ իրավունք չունի ընդգրկվելու պատգամավորության ցուցակում եւ հավակնելու վարչապետի պաշտոնին, քանի որ օրենքի պահանջներին չի բավարարում։
«Մեր ձևով»-ում հասկանում են, որ շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, նա է, այսպես ասած, գլխավոր հերոսը, և հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը քաղաքական գործընթացներին, ինչը եթե այս փուլում անհնարին է, բայց իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր»,- գրում է թերթը։





























