Տեսնենք` ինչ որոշում են կայացնելու․ Սամվել Կարապետյանի փաստաբան
«Սամվել Կարապետյանը դեռ ստացիոնար բուժման կարիք ունի, որի վերաբերյալ կան հավուր պատշաճի փաստաթղթեր։ Դրանում 2-րդ կարծիք չկա։ մեխանիզմները կհասկանանք, քանի որ այստեղ, ի վերջո, միայն մեր ցանկությունը չէ, այլ ստացվել է այնպես, որ քննիչն ու դատախազը պետք է որոշում կայացնեն անձի պատշաճ բժշկական օգնության վերաբերյալ։ Տեսնենք` ինչ որոշում են կայացնելու»,- Այս մասին Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Փաստաբանն ընդգծել է, որ մի բան հստակ է` Սամվել Կարապետյանն առողջական խնդիրներ` որպես այդպիսիք, չի ունեցել մինչև 2025 թ հունիսի 18–ը։
«Այն, ինչ տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի հետ` նույն թոքաբորբը, նույն ֆիբրոզը, նույն քովիդի համավարակը, մենք այդտեղ տեսնում ենք ուղիղ դիտավորություն իրավասու պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքական պաշտոնյաների կողմից` Կարապետյանի առողջության նկատմամբ ոտնձգության տեսանկյունից։ Այս պնդումները կատարելու համար մենք օբյեկտիվ տվյալներն ենք նայում, սակայն վստահ եղեք` բոլոր առողջական այդ խնդիրները հաղթահարվելու են»,- հայտարարել է Վարդևանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն։





























