Եթե հավելագրում է արվել, ապա այդ հաշվիչը կա՛մ պետք է հանվի, կա՛մ պետք է կորի․ Ղազինյան
Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ, գոնե, Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող ՀԷՑ-ի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում, իշխանությունները թող չստեն, իրենք այն ժամանակվա ՀԷՑ-ին բացարձակապես չեն պաշտպանել, կարող եմ ունենալ հիմնավոր կասկածներ, որ տակից իրենք գեներացրել են բողոքներ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Անդրադառնալով հոսանքազրկումներին՝ Ղազինյանը նշեց՝ կասկածներ ունեն, որ ներկա կառավարիչները ճիշտ թվեր չեն հայտնի։
«Երբ երկրի ղեկավարը հայտարարում է կառավարության շենքում, որ ՀԷՑ-ը գողացել է ամեն ընտանիքից, սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել Փաշինյանին, բայց դե հո չի կարող ասել, որ էդպիսի բան չկա։ Իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է՝ տասնյակ հազարավոր ընտանիքներ, արդեն տարբերությունը նկատելի է։ Այդ անձի կառավարիչ դառնալու առաջին օրվանից հայտարարվում է, որ կան 20 և ավելի վարույթներ, ո՞ւր են դրանք։ Այս ապհի դրությամբ անոնսել են մի տեսուչի ձերբակալություն, որը հավելագրումներ է արել։ Իսկ ո՞վ է ասել, որ դա չի եղել, ո՞վ է ասել, որ մենք դրանով չենք զբաղվել»,-նշել է նա։
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը շեշտել է՝ իրենց կողմից տեղադրված հաշվիչներն այնպիսին են, որ թույլ չեն տալիս հավելագրում անել և անցնցում անցնել առաջ. «Այդ հաշվիչների պարագայում մարդկային գործոնն է բացառվում, որովհետև թվերը քաշվում են ավտոմատ, և եթե հավելագրում է արվել, ապա այդ հաշվիչը կա՛մ պետք է հանվի, կա՛մ պետք է կորի, կա՛մ պետք է գնա լաբորատորիա, որն իմիջիայլոց պետական է և այնտեղ ֆիքսվի։ Թիվը չի կարող կորել»։






























