Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը չի բեկանվել. մանրամասներ
«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել։ Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար»։
Հիշեցնենք, որ ձերբակալվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը:
Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարել են մի խումբ անձինք՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):





























