2026 թ.-ին ՀԷՑ-ի ենթակառուցվածքներում կներդրվի 115 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան

2026 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ենթակառուցվածքներում կներդնի 44,2 միլիարդ դրամ (շուրջ 115 միլիոն դոլար)։ Այս մասին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։


Նրա խոսքով` այս ծավալը նախատեսված է ձեռնարկության՝ նախկինում հաստատված 2024-2034 թվականների ներդրումային ծրագրով։ Ընկերությունն այս բյուջեն բաշխել է բոլոր ուղղություններով՝ հատկապես այնտեղ, որտեղ անջատումներն ամենահաճախն են տեղի ունենում։


«Հունվարի առաջին օրերից մենք կհայտարարենք վերանորոգման աշխատանքների մրցույթներ, որպեսզի շինարարական սեզոնի մեկնարկին բոլոր պլանավորված օբյեկտներում (իսկ դրանք մի քանի տասնյակ են) աշխատանքները սկսվեն»,- հայտարարել է Պետրոսյանը։


Ըստ Պետրոսյանի` անցնող տարվա վերջին 4 ամսվա ընթացքում անջատումների տևողությունը կրճատվել է մոտ 27%-ով, իսկ դրանց թիվը՝ 18%-ով։ Երևանի «Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած վերջին խոշոր վթարի պատճառները հետաքննելու համար ստեղծվել է 2 հանձնաժողով։

Քաղաքականություն