Ուկրաինան Եվրահանձնաժողովից ստացել է 2025 թվականի ֆինանսական օգնության վերջին տրանշը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային է ուղարկել 2025 թվականի ֆինանսական օգնության վերջին տրանշը՝ 2,3 միլիարդ եվրոյի չափով, որը հատկացվել է աջակցության հիմնադրամից։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Օլոֆ Ջիլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եվրահանձնաժողովն այսօր Կիևին է փոխանցել վեցերորդ տրանշը՝ 2,3 միլիարդ եվրոյի չափով։ Այս ֆինանսական օգնությունը թույլ կտա աջակցել ուկրաինական պետության գործառնությանը», - ասել է նա։
Ջիլի խոսքով՝ տարվա ընթացքում Ուկրաինան ԵՀ հիմնադրամից ընդհանուր առմամբ ստացել է վեց տրանշ՝ 26,8 միլիարդ եվրո գումարի չափով։
Դեկտեմբերի 19-ին Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի չափով զրոյական տոկոսադրույքով վարկ տրամադրելու շուրջ։ Այս որոշումն ընդունվել է որպես այլընտրանք սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը։ Դեկտեմբերի 20-ին Politico պարբերականը, հղում անելով ԵՀ բարձրաստիճան ներկայացուցիչներին, նշել էր, որ եվրոպական պետությունները տարեկան վճարելու են մոտ 3 միլիարդ եվրո տոկոսագումար այն փոխառությունների դիմաց, որոնք ներգրավվել են Ուկրաինայի ֆինանսավորման համար։





























