Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանել է Հայաստանի «Այրում» կայարան

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանել է «Այրում» երկաթուղային կայարան։ Այս մասին «Այրում» կայարանից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը։


«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է՝ 1988 թվականից մինչև այս պահը Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տեսակի նավթամթերք չի ստացել, սա առաջին գնացքն է՝ 22 վագոնով։ Մատակարարվում է A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։


Սերյոժա Մկրտչյանը նաև ներկայացրել է, թե գնացքի ժամանելուց հետո ինչ աշխատանքներ են իրականացվելու «Այրում» կայարանում՝ մինչև բեռը բաց թողնելը։


«Գնացքի ժամանումից հետո, քանի որ այն չի համարվում ԵԱՏՄ բեռ, բեռն անպայման անցնելու է մաքսային ստուգում։


Ստուգումը կատարվում է հետևյալ ձևով՝ անջատվում է գնացքի բարձրավոլտ էլեկտրոլարերի մեջի հոսանքը, բացվում են ցիստեռների կափարիչները, մաքսավորները չափումներ ու նմուշառում են կատարում՝ որակն ու քանակը ստուգելու համար։ Կայարանում և մաքսային ծառայությունում փաստաթղթերը ստուգելուց հետո բեռը պատրաստվում է ուղարկման։ Այս գործընթացը տևում է մոտավորապես 2 ժամ»,- ասել է Մկրտչյանը՝ մանրամասնելով, որ գնացքի 11 վագոններն «Այրում» կայարանից շարժվելու են դեպի «Երևան» երկաթուղային կայարան, մյուս 11 վագոնները՝ «Կարմիր բլուր» երկաթուղային կայարան։


Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում անդրադարձել էր Հայաստան ադրբեջանական բենզինի ներմուծմանը՝ շեշտելով, որ անկախությունից հետո սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։

Քաղաքականություն

Պատահարներ