Մերցը՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման մասին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման հարցում հաջողության հավանականությունը ներկայումս գնահատում է «50-50»։ Այս մասին նա ասել է ZDF հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով Եվրոպայում ընթացող քննարկումներին։
Մերցը նշել է, որ ամբողջ Եվրոպայում առկա են լուրջ մտահոգություններ Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ նման որոշումները զերծ չեն ռիսկերից։
«Կան իրավական մարտահրավերներ և կան քաղաքական մարտահրավերներ։ Ես կարծում եմ, որ իրավական խոչընդոտները կարելի է հաղթահարել, բայց քաղաքական խոչընդոտները կմնան»,- ընդգծել է կանցլերը։
Նա հավելել է, որ այդ խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն միասնական մոտեցման դեպքում՝ Ռուսաստանի նկատմամբ իսկապես հստակ եվրոպական դիրքորոշում ձևավորելու համար։
Մերցը նաև շեշտել է, որ Ուկրաինան ներկայումս ունի ֆինանսավորում տարվա առաջին եռամսյակի համար, սակայն դրանից հետո իրավիճակը կարող է դառնալ կրիտիկական։
«Մենք կարող ենք ստիպված լինել աջակցել Ուկրաինային ևս մեկ կամ երկու տարի, և պետք է հստակ ազդանշան ուղարկենք Մոսկվային, որ պատրաստ ենք դա անել», – նշել է նա։






























