ԵՄ-ն Վրաստանին ֆինանսական օգնություն չի տրամադրի
Եվրամիությունը մինչև 2025 թվականի ավարտը Վրաստանին որևէ ֆինանսական օգնություն չի տրամադրի։ Այս մասին հայտնել են Եվրահանձնաժողովից՝ ընդգծելով, որ աջակցությունը, ամենայն հավանականությամբ, չի վերսկսվի նաև 2026 թվականին։
Հիշեցվում է, որ 2024-ին ԵՄ-ն դադարեցրել էր Վրաստանի իշխանություններին ավելի քան 120 միլիոն եվրոյի ուղղակի ֆինանսական աջակցությունը, որը նախատեսված էր տնտեսական բարեփոխումների իրականացման համար։
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը գտնվում է խոր քաղաքական ճգնաժամի մեջ, իսկ երկրում մարդու իրավունքների վիճակը զգալիորեն վատթարացել է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Ըստ կառույցի՝ Վրաստանի իշխանությունները վարում են համակարգված ճնշումների քաղաքականություն, որը խաթարում է ժողովրդավարական հիմնարար սկզբունքները և սահմանափակում այլախոհությունը։
Նոյեմբերի վերջին իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մերժումից մեկ տարի անց Վրաստանը «ամրապնդել է իր ինքնիշխանությունը» և ցույց տվել, որ վրացական պետության վրա «մատ թափ տալ պետք չէ»։
Ավելի վաղ՝ անցյալ տարվա նոյեմբերի 28-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր ԵՄ անդամակցության բանակցությունների սառեցման մասին մինչև 2028 թվականը։ Այդ հայտարարությունից հետո երկրում տեղի ունեցան զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում էին նոր խորհրդարանական ընտրություններ և նախկին ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատ արձակում։





























