ԱՄՆ-ն պատրաստում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայի շուրջ առաջարկվող խաղաղության համաձայնագրից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ աղբյուրի՝ Վաշինգտոնը պատրաստում է պատժամիջոցների նոր փաթեթ, որը հիմնականում կարող է ուղղված լինել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ։ Նպատակն է ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա և ստիպել Կրեմլին վերանայել իր դիրքորոշումը խաղաղ կարգավորման հարցում։
Նշվում է, որ նախատեսվող սահմանափակումները պետք է մեծացնեն Ռուսաստանի տնտեսության վրա բեռը և բարձրացնեն խաղաղության համաձայնագրի մերժման գինը։ ԱՄՆ վարչակազմի կարծիքով՝ նման քայլերը կարող են դառնալ լրացուցիչ խթան՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար։
Վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն Վաշինգտոնում ընդգծում են, որ բոլոր տարբերակները սեղանին են, եթե Մոսկվան շարունակի հրաժարվել Ուկրաինայի հարցով դիվանագիտական լուծումից։





























