15 հոգու կյանք խլած կրակոցների հեղինակը հայր ու որդի են. նոր մանրամասներ

Կիրակի օրը Սիդնեյի հայտնի Բոնդի Բիչ լողափում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 15 մարդ: Զոհերի թվում է նաև հարձակվողներից մեկը:


Նախնական տվյալներով՝ հարձակվողները երկուսն են՝ հայր և որդի: Ոստիկանությունը հայտարարել է, որ 50-ամյա տղամարդը սպանվել է դեպքի վայրում, իսկ նրա 24-ամյա որդին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Հարձակումը տեղի է ունեցել Հանուկայի տոնակատարության ժամանակ, որին մասնակցել էր ավելի քան հազար մարդ: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչություն՝ ուղղված Սիդնեյի հրեական համայնքի դեմ:


Ականատեսները պատմել են, որ հարձակումը տևել է մոտ 10 րոպե։


Տեսագրությունում երևում է, թե ինչպես է երկու անձ լողափ տանող կամրջից մի քանի րոպե կրակում մարդկանց վրա: Մեկ այլ տեսագրությունում երևում է, թե ինչպես է անզեն անցորդը մոտենում կամրջից իջնող հարձակվողներից մեկին, հետևից հարձակվում նրա վրա և խլում զենքը: Հարձակվողը հետո հեռանում է:


Հարձակման հետևանքով հիվանդանոցներում մնում է դեռևս 40 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնց վիճակը ծանր է, բայց կայուն: Զոհերի տարիքը 10-ից 87 տարեկան է:


Պաշտոնյաները կիրակի օրը տեղի ունեցած կրակոցները որակել են որպես նպատակաուղղված հակասեմիտական հարձակում: Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակվողներին պատկանող մեքենայում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր:



Քաղաքականություն