ԱՄՆ-ն հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգերից՝ F-35-ի դիմաց
Վաշինգտոնը հույս ունի, որ Անկարան կհրաժարվի իր ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից՝ ամերիկյան F-35 կործանիչներ գնելու դիմաց, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։
Նա նշել է, որ երկու կողմերն արդեն բանակցություններ են վարում Անկարայի F-35 ծրագրին վերադառնալու վերաբերյալ՝ դրանք անվանելով վերջին տասնամյակի «ամենաարդյունավետը»։ Դեսպանը նաև նշել է, որ Թուրքիան ստիպված կլինի հրաժարվել 2017 թվականին ձեռք բերված ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից՝ ծրագրին մասնակցելու համար։
«Մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին այս բանակցությունները կհանգեցնեն առաջընթացի, որը կբավարարի և՛ Միացյալ Նահանգների, և՛ Թուրքիայի անվտանգության կարիքները», - գրել է նա X սոցիալական ցանցում։
2017 թվականին Թուրքիան Ռուսաստանից 2,5 միլիարդ դոլարով գնել է S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի չորս գումարտակ։ Այնուհետև Վաշինգտոնը պահանջել է, որ Անկարան հրաժարվի ռուսական համակարգերից՝ ամերիկյան Patriot-ների օգտին, սակայն Անկարան հրաժարվել է։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն Թուրքիային բացառել է F-35 կործանիչների ծրագրից։





























