Ադրբեջանը գրեթե նույն «կարմիր գծերն» ունի․ չենք մասնակցի նման նախաձեռնության․ պաշտոնյա

ԱՄՆ-ն վերջերս հրապարակային կերպով ներկայացրել էր Ադրբեջանը և Ինդոնեզիան որպես գլխավոր հավանական գործընկերներ այն միջազգային ուժերում, որոնք պետք է պատերազմից հետո աստիճանաբար փոխարինեն Իսրայելի զորքերին Գազայի հատվածում։ Սակայն Times of Israel-ին տված մեկնաբանություններում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Բաքուն վերջնական որոշում չունի, իսկ երկրի պատրաստակամության շուրջ գնահատականները վաղաժամ են։


Նրա խոսքով, Ադրբեջանը գրեթե նույն «կարմիր գծերն» ունի, ինչ արաբական երկրները, որոնք արդեն հրաժարվել են. առաքելությունը պետք է լինի խիստ խաղաղապահ, այլ ոչ թե ուժային (խաղաղություն պարտադրող), հատկապես ՀԱՄԱՍ-ի զինաթափման մասով:


Պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանը չի կարող մասնակցել նախաձեռնության, որն անհամապատասխան կլինի պաղեստինցիների շահերին։


Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի համար լուրջ արգելակ է ներքաղաքական հարցերը։


«Ադրբեջանը նոր է ավարտել Հայաստանի հետ գրեթե 30-ամյա հակամարտությունը, հասարակությունը հոգնել է պատերազմից ու կորուստներից։ Հազարավոր կիլոմետրեր հեռու զինվորներ Գազա ուղարկելու գաղափարը, որտեղ նրանք կարող են կրակի տակ ընկնել երկու կողմից, կարող է չընդունվել երկրի ներսում»,- խոստովանել Է պաշտոնյան:


Թերթը գրում է՝ առայժմ միակ երկիրը, որը բացահայտ հայտարարել է զորք ուղարկելու պատրաստակամության մասին (մինչև 20 000 մարդ), մնում է Ինդոնեզիան։



Քաղաքականություն