Կառավարության նպատակը զուտ աշխատավարձ բարձրացնելը չէ. փոխվարչապետ
Կառավարության նպատակը զուտ աշխատավարձ բարձրացնելը չէ, քանի որ վարձատրությունը միայն աշխատավարձը չէ։ Այս մասին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Վարձատրությունը ունի տարբեր բաղադրիչներ։ Մենք ունենք պարգևավճարների համակարգ, որն իրականում գնահատում չէ, որովհետեւ մարդիկ շատ հաճախ ձևականորեն են լրացնում գնահատականները և դրանք գործնականում որևէ քննարկման չեն ենթարկվում։
Մարդիկ արդեն սովորել են, որ այն, ինչ որ կոչվում է պարգևավճար իրենց լավ աշխատանքի դիմաց, աշխատավարձի բաղադրիչ է, որ ավելացվել է իրենց աշխատավարձին։
Հիմա մենք չենք ուզում, որ այն առաջարկությունը, որը առաջիկա օրերին կառավարությունը կքննարկի և կհաստատի, դառնա մարդկանց ընկալման մեջ հերթական աշխատավարձային մի բաղադրիչ, բայց այլ անունով, և մենք ունենանք մի քանի ամիս հետո այն նույն իրավիճակը ունեցել ենք տարիներ շարունակ։ Այստեղ պետք է շատ հստակ լինի, որ սա աշխատանքի գնահատման արդյունքում և դրա չափման դիմաց տրվող խրախուսական հավելավճար է լինելու»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։





























