Կրկին ունեցել ենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Նիկոլ Փաշինյան
Այս տարվա հոկտեմբերին մենք կրկին ունեցել ենք բացարձակ՝ գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի ռեկորդ: Այս մասին Ազգային ժողովի՝ այսօրվա նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2026 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակի մասին:
«2025 թվականի հոկտեմբերին 810074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում: 2018 թվականի նկատմամբ աճը՝ 223895 կամ 38 տոկոս: Հարգելի գործընկերներ, սա արձանագրում է, որ 2018-ից ի վեր մենք ՀՀ-ում ստեղծել ենք 223895 աշխատատեղ»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել, ընդ որում՝ աճը շարունակական է:
«Տարեցտարի՝ 2024 թվականի հոկտեմբերի համեմատ, 31 հազար աշխատատեղ է ստեղծվել՝ 4 տոկոսով ավելի: Միջին աշխատավարձը հոկտեմբերի 313 հազար դրամ է, 2018 թվականի նկատմամբ աճը՝ 135657 դրամ կամ 76 տոկոս»,- ասել է վարչապետը:
Խոսելով գնաճի մասին խոսակցություններին, Փաշինյանը նկատել է, որ երկրի աշխատավարձերի աճերը երկնիշ են՝ 20 և ավելի տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը: Եկամտային հարկը, որը հոկտեմբերին վճարվել է, եղել է 50 միլիարդ 699 միլիոն դրամ, որը 2018-ի հոկտեմբերի համեմատ համարյա կրկնակի ավելի է 95 տոկոսով՝ 24 միլիարդ դրամով:





























